ԱՏՁՄ-ն և Ագրարային համալսարանը ընդունել են Թայբեյի գիտնականներին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանի հրավերով մարտի 24-ին Հայաստան էին  ժամանել Թայբեյի առաջատար հետազոտական կենտրոններից՝ National Chiao Tung համալսարանի պատվիրակությունը։ Համալսարանի փոխնախագահ Դոկտոր Ջեյսոն ՅԻ-Բինգ Լինի գլխավորած պատվիրակության կազմում են եղել խելացի գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացած պրոֆեսորներ ու հետազոտողներ։

Թայբեյի գիտնականները հայ մասնագետների հետ քննարկել են  խելացի գյուղատնտեսություն ստեղծելու ծրագրերը՝ տեխնոլոգիաների մասնակցությամբ։ Կազմակերպվել է նաև հանդիպում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավար կազմի հետ:  Երկու համալսարանների ներկայացուցիչները քննարկել են թայվանցի գիտնականների մշակած տեխնոլոգիաները համատեղ զարգացնելու և գյուղատնտեսությունում կիրառելու ուղիները։

«Թայբեյը, ինչպես Հայաստանը, սահմանափակ հողատարածքներ ունի, հետևաբար նույնպես միավոր հողատարածքից ստացվող բերքատվության որակի ու ծավալի բարձրացման խնդիր ունի։ Մեր մասնագետներին ներկայացված նոր տեխնոլոգիան զարգացնելու նպատակով համատեղ ներդրումային ծրագրի շուրջ քննարկում է սկսվել, որը հաջող իրականացման դեպքում ոչ միայն երկու երկրների գյուղատնտեսության զարգացմանը կնպաստի, այլ նաև աշխարհին կարող է ներկայացնել խելացի գյուղատնտեսության նոր տեխնոլոգիա»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Այս հանդիպումը համահունչ է համալսարանի զարգացման տեսլականին, որի միջնաժամկետ ռազմավարության առանցքային դրույթ է համալսարանի վերակազմավորումը «ագրարայինից» «ագրոգտեխնոլոգիականի»։ Սրա հիմքում նաև գիտաուսումնական կառույցների և նորարարական լաբորատորիաների ստեղծումն է։ Մենք համոզված ենք, որ գյուղատնտեսության զարգացման, մրցունակության և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ավանդականից անցում կատարել դեպի նորարարական տեխնոլոգիաներ։ Այս աշխատանքներում առանցքային նշանակություն ունեն կրթական և գիտական կառույցները, ուստի աշխարհում առաջատարի համբավ ունեցող գիտնականների հետ հանդիպելու այս առիթը լավագույն փորձը Հայաստանում հասանելի դարձնելու հնարավորություն է»,- նշել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը։