Հայաստանը ՏՏ ոլորտում աճի մեծ պոտենցիալ ունի. Վահան Մարտիրոսյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հարցազրույց է տվել անգլիական emerging-europe.com պարբերականին և նշել է, որ ոլորտի զարգացման ներկա միտումները տպավորիչ են, և կառավարությունը պատրաստ է աջակցել այդ թրենդի շարունակությանը։

Վահան Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանը աճի մեծ պոտենցիալ ունի, և ներկայում մենք պետք է աշխատենք բարձրարժեք տեխնոլոգիական լուծումների վրա. այդպես է հնարավոր հավելյալ արժեք ստեղծել։

«Որպես արդյունք` մեր նպատակը պիտի լինի բարձրացնել արդյունավետությունը և մատակարարել հաճախորդներին թիրախավորված լուծումներ. սա առաջիկա տարիների համար պիտի լինի մեր հիմնական ռազմավարությունը։ Դա այնքան էլ հեշտ չէ` հաշվի առնելով, որ ՏՏ շրջանառության 70 տոկոսը գոյանում է գլոբալ շուկային ծառայություններ մատուցելու արդյունքում, ինչն էլ նշանակում է, որ մակրոտնտեսական գործոնները շատ կարևոր են հայաստանյան ՏՏ ոլորտի համար»,- ասել է նախարարը։

2010- 2016 թթ-ի ընթացքում ՏՏ ոլորտի շրջանառությունն աճել է 5 անգամ և հասել 510 միլիոն ԱՄՆ դոլարի։ Միաժամանակ, ՏՏ ընկերությունների թիվը նույն ժամանակահատվածի ընթացքում աճել է 3 անգամ։

«Երկրում, որտեղ ապրում է 2.9 միլիոն մարդ, կա 60 համալսարան, որից 15-ի տեխնոլոգիական ֆակուլտետներն ու բաժինները բավական ուժեղ են։ 2014-2015 ակադեմիական տարում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական մասնագիտացումներով 10.000 ուսանող է եղել, որը ընդհանուր ուսանողների թվի 11.7 տոկոսն է»,- նշվում է հոդվածում։

Վահան Մարտիրոսյանը կարևորել է կրթության որակի բարելավումը, անդրադարձել է նաև «Արմաթ» ռոբոտաշինության և ճարտարագիտության լաբորատորիաներին` ավագ դպրոցներում և տեխնիկական քոլեջներում միկրոէլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության դասավանդումը կարևորելով։ Վահան Մարտիրոսյանը համոզված է, որ ՏՏ ոլորտում չկան սահմանափակումներ և կարծրատիպեր, այստեղ միջսահմանային համագործակցությունն ավելի հեշտ է: