IndieGoGo հարթակում երեկ երեկոյան ժամը 10:00-ից մեկնարկել է հայկական Volterman սմարթ դրամապանակի crowdfunding արշավը: Կարճ ժամանակում Volterman-ը գրանցել է տպավորիչ արդյունքներ: Ընդամենը մի քանի ժամում այն կարողացել է հավաքել նախապես սահմանված գումարի՝ 45 հազար դոլարի, կեսից ավելին մոտ 23 հազար դոլար: Աճը դեռ շարունակվում է:
itTrend-ի հետ զրույցում GlobalAM ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանը նշել էր, որ արտադրությունը սկսելու համար նվազագույնը հարկավոր է 40-45 հազար դոլար, սակայն ակնկալում են հավաքել մոտ 560 հազար դոլար:
«Նախնական ուսումնասիրությունով ակնկալում ենք հավաքել մոտ 560 հազար դոլար, քանի որ հենց սկզբից պրոդուկտի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր և՛ տեղական, և՛ գլոբալ շուկայում: Ինչպես նաև հաշվի ենք առել անցյալ տարի Yecup-ի փորձը: Իրականում սահմանել ենք ավելի մեծ նպատակ, ձգտում ենք հավաքել 1 մլն. դոլար ոչ միայն Volterman-ի համար, այլ նաև ցանկանում ենք ընդգրկվել քրաուդֆանդինգ հարթակում 1 միլիոնը գերազանցած 1-2%-ը կազմող արշավների մեջ, որպեսզի բարձրացնենք Հայաստանից ու հայկական արտադրանքների նկատմամբ ուշադրությունը, ճանաչելի ու սպասելի դարձնենք մեր երկրի պրոդուկտները այս հարթակում»,- նշել է Գևորգ Պողոսյանը:
Նշենք, որ դրամապանակը ներկայանում է 5 առանցքային խելացի գործառույթներով՝
- Free Global GPS. օգնում է հեշտությամբ տեղեկանալ, որտեղ է այն գտնվում՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է դրամապանակը տվյալ պահին գտնվում:
- Bluetooth alarm. ծանուցումներ, հաղորդագրություններ է ուղարկում, երբ դրամապանակի և դրա սեփականատիրոջ սմարթֆոնի միջև հեռավորությունը մեծանում է:
- Power bank. Հեռախոսի լիցքավորում (100%), նաև անլար տարբերակով:
- Theif Detection camera. Դրամապանակը կորցնելու դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է «lost mode»-ը և ներկառուցված տեսախցիկը նկարում է դրամապանակը բացողի դեմքը և լուսանկարն ուղարկում սեփականատիրոջը:
- Global WiFi hotspot. Սա էլ կլուծի ինտերնետի հասանելիության խնդիրը:
Գաղափարի հեղինակը Ազատ Թովմասյանն է: Մի քանի անգամ դրամապանակը կորցնելուց հետո, որոշում է խնդրին նորարարական լուծում տալ: Volterman խելացի հավաքածուն ընդգրկում է 3 տեսակի՝ ճանապարհորդական, երկփեղկանի և քարտապան դրամապանակներ: Դիզայնն արված է Հայաստանում, արտադրությունը՝ Չինաստանում:
Նունե Գրիգորյան