Երազել ենք, թե երբ ենք Հայաստան բերելու ՏՏ համաժողովը. Կարեն Վարդանյան

ՏՏ համաշխարհային համաժողովից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է նոր ձեռքբերումներով ու պայմանավորվածություններով։ WCIT 2018-ի ընթացքում Հայաստանին պաշտոնապես փոխանցվել է WCIT 2019-ի անցկացման էստաֆետը, որի անցկացման իրավունքը Հայաստանին է ընձեռնվել դեռևս 2014-ին։

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը WCIT-ի կազմակերպիչ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից ընտրվել է որպես WITSA Տնօրենների Խորհրդի անդամ: Նա կարևոր ձեռքբերում համարեց «Արմաթ» լաբորատորիաների ներդրումը Հնդկաստանում.

«Մենք կարողացանք պայմանագիր կնքել Հնադկաստանի կողմի հետ, որով «Արմաթ» լաբորատորիաները ներդնելու ենք Հնդկաստանում, մասնավորապես Հայդերաբադ քաղաքում։ Հնդկաստանի ՏՏ ոլորտը զարգացած է և շատ ոգևորված ենք, որ նրանք հետաքրքրվածություն են ցուցաբերել մեր կրթական ծրագրի հանդեպ։ Այս տարի կսկսենք պիլոտը, իրենք կտեսնեն արդյունքները և հետագայում այս պայմանագրի շրջանակներում թիվը կընդլայնվի` առնվազն հասնելով 3000–ի »։

Բացի այդ, Թումոյին հանձնվել է գլխավոր՝ Համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու» համար։ Ամփոփելով Հնդկաստանում կայացած WCIT 2018–ի արդյունքները` հայկական պատվիրակությունը ազդարարեց 2019–ին Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը։

«2004–ին մենք ընդունվել ենք WITSA կազմակերպության անդամ, երազել ենք, թե երբ ենք Հայաստան բերելու համաժողովը և միշտ զգացել ենք, որ դեռ պատրաստ չենք, գուցե մեզ թերագնահատել ենք։ Բայց 3 տարի առաջ դիմել և արդեն ստացել ենք Հայաստանում անցկացնելու իրավունքը։ Մասնակիցների և ծավալի առումով սա աննախադեպ է։ Մենք կարող ենք լավագույն համաժողովը կազմակերպել»,– նշում է ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

WCIT 2019–ը կարող է դառնալ բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար:

Ալեքսանդր Եսայանը կաևորեց Հեռահաղորդակցության համաշխարհային ասոցիացիայի (ITU) հետ համաձայնագրի կնքումը, որով մեծ պատվիրակությամբ կմասնակցեն Հայաստանի համաժողովին։ Սա ևս մեկ հնարավորություն է ընձեռում ներկայացնել մեր լուծումները աշխարհի գիգանտ ընկերություններին ՏՀՏ ոլորտում։

«Մենք ԻՏՁՄ–ի հետ կիսում ենք իրենց մոտեցումները, նպատակները։ Հյուրընկալելով համաշխարհային ՏՏ ֆորումը Հայաստանում՝ մենք նպատակ ունենք խթանելու Հայաստանի գործարար կապերը։ Կարծում եմ, մենք մեր ներուժի շրջանակներում լավագույնս պիտի ներկայացնենք Հայաստանը։ Նախարարության անունից հանձնառություն ենք առել, որ մենք մեր ուժերի շրջանակներում կանենք հնարավոր առավելագույնը այս միջոցառումը հաջողակ անցկացնելու համար», – նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը և կարևորեց ՏՏ համաշխարհային համաժողովի միջոցով Հայաստանի տեսանելիությունը բարձարցնելն ու նոր գործարար կապեր հաստատելը։

Նշենք, որ WCIT 2019–ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 6–9–ը։