Հայտնի են «WEB ԾԻՐԱՆ» կինոփառատոնի հաղթողները

Ավարտվեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության կազմակերպած «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնը, որը մեկնարկել էր ս․թ․ փետրվարի 26-ին:

Փառատոնի ժյուրիի անդամներն էին կինոռեժիսոր Միհրան Ստեփանյանը, կինոպրոդյուսեր Յուլյա Գրիգորյանցը և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։

webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված 42 ֆիլմերը մեկ ամսվա ընթացքում ունեցել են 23 000 դիտում՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից (թվարկվածներն առաջին հինգ երկրներն են՝ ըստ դիտողների թվի):

Ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակին արժանացավ ռեժիսոր Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը, որի օպերատորը Մարտին Հովհաննիսյանն է, իսկ պրոդյուսերը՝ Էդգար Բաղդասարյանը: Գլխավոր մրցանակակիրը պարգևատրվեց 400 000 ՀՀ դրամով:

Սահմանված էր նաև երկու խրախուսական մրցանակ և «Համակրանք» խրախուսական մրցանակը՝ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմի համար: Առաջին խրախուսական մրցանակին արժանացավ Նահապետ Սարգսյանի «Էխո» ֆիլմը (օպերատոր` Վահե Տերտերյան): Երկրորդ խրախուսական մրցանակին արժանացավ ռեժիսոր Անդրանիկ Հարությունյանի «Գորգեր» ֆիլմը (օպերատոր՝ Գաբրիել Միրաքյան):

«Համակրանք» խրախուսական մրցանակը շնորհվեց Անի Հակոբյանին`«Ուղերձ» ֆիլմի համար, որը դիտել էր 3 366 օգտատեր: Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները, կստանան 10 օր պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից անվճար օգտվելու հնարավորություն:

«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնին ներկայացված են եղել նաև ֆիլմեր, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս համատեքստում փառատոնի հատուկ դիպլոմին է արժանացել Սասնուհի Մանուկյանի «Տատս» ֆիլմը:

«WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց կինոփառատոնի գլխավոր նպատակներից մեկը կինոարտադրության ոլորտում մուլտիմեդիա համակարգերի զարգացումն է և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության խրախուսումը: Այս համատեքստում փառատոնի դիպլոմին է արժանացել Նարե Գալստյանի «Ես եմ» դիպլոմային ֆիլմը, որը նկարահանված է հեռախոսով: