WhatsApp-ի որոշ ֆունկցիաներ վճարովի կդառնան բիզնես էջերի համար

Facebook-ը նախատեսում է ապագայում WhatsApp-ի որոշ ֆունկցիաներ վճարովի դարձնել, գործարկել WhatsApp Business նոր հավելված:

«Մենք ցանկանում ենք թույլ տալ մարդկանց ուղարկել հաղորդագրություններ ընկերություններին և ստանալ ցանկալի պատասխաններ,- հայտարարել է  WhatsApp-ի մենեջեր Մեթ Այդեմը (Matt Idema), -որի համար մենք ապագայում պլանավորում ենք գումար վերցնել ընկերություններից»:

Ընկերությունը կգործարկի WhatsApp Business հավելված փոքր և միջին ընկերությունների համար և մեծ կորպորացիաների համար նախատեսված մի շարք այլ ծառայություններ, որոնք օգնում են կապ հաստատել իրենց հաճախորդների, թիրախային խմբի հետ, ուղարկել ծանուցումներ:

Ներկայումս այս ծառայությունները թեստավորման փուլ են անցնում Բրազիլիայում, Եվրոպական երկրներում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում, այս ծառայությունից մասամբ օգտվում է հոլանդական KLM Royal Dutch Airlines ընկերությունը, առաջիկայում նախատեսվում է հասանելի դարձնել ամբողջ աշխարհում:

Նշենք, որ WhatsApp-ն օրական օգտագործում է 1 միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհում: Այլ կերպ ասած՝ ամեն 7-րդ մարդն աշխարհում WhatsApp-ի ակտիվ օգտատեր է: Facebook-ը WhatsApp-ը ձեռք է բերել 2014-ին $22 միլիարդով, ի տարբերություն որի՝ ընկերության մյուս հայտնի մեսենջերը՝ Facebook Messenger-ը, ընկերությանը եկամուտ է բերում գովազդների ցուցադրությունից: Ի դեպ, Մեթ Այդեմը չի բացառել WhatsApp-ում նույնպես գովազդ ներդնելու հնարավորությունը: