Xiaomi-ն թողարկել է խելացի մարզակոշրիկներ՝ Intel չիպերով

Xiaomi ընկերությունը թողարկել է նոր 90 Minutes Ultra Smart մարզակոշիկներ, որոնք համալրված են Intel Curie չիպերով: Խելացի մարզակոշիկը հավաքում է տեղեկություններ մարզումների ընթացքի, ֆիզիկական ակտիվության վերաբերյալ:

90 Minutes Ultra Smart-ը բացառիկ է, քաի որ չինական արտադրողն առաջին անգամ է թողարկում խելացի մարզակոշիկ, որում տեղադրված է Intel ընկերության չիպ: Նախկինում Xiaomi-ն Li-Ning-ի հետ համատեղ թողարկել էր սպորտային կոշիկ՝ նախատեսված վազքի համար, որում տեղադրված էր սեփական արտադրության չիպ:

Intel չիպի տեղադրման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կարող է ճանաչել տարբեր տեսակի շարժումներն ու պահպանել տվյալներ դրանց մասին: Չիպը հասկանում է, երբ մարդը քայլում է, վազում է կամ վարում է հեծանիվ և ֆիքսում է հեռավորության, արագության, քայլերի քանակի, ծախսված կալորիաների չափի մասին տվյալները, որոնք կարելի է տեսնել սմարթֆոնով հատուկ հավելվածի միջոցով: Խելացի մարզակոշիկը մեկանգամյա լիցքավորմամբ կարող է աշխատել 60 օր:

90 Minutes Ultra Smart-ը նախատեսված է պրոֆեսիոնալ սպորտսմենների համար: Մարզումներն ավելի ապահով և հարմարավետ դարձնելու նպատակով հաշվի են առնվել բոլոր դետալները: Տղամարդկանց համար թողարկվել է սև և կապույտ գունային տարբերակներով, իսկ կանանց համար՝ սև և վարդագույն: Կա նաև լուսարձակող նյութով պատրաստված տարբերակ՝ երեկոյան ժամերին վազել սիրողների համար:

Նշենք, որ խելացի մարզակոշիկը ապրիլի 15-ից վաճառքի կհանվի և կարժենա 43 դոլար: