Հաջողության ճանապարհ։ X–Tech

Ittrend.am–ը սկսում է նոր շարք, որտեղ կպատմի  հայկական ՏՏ ընկերությունների հիմնադիրների ու համահիմնադիրների հաջողության պատմությունները։ Շարքի առաջին հերոսը X Tech Creativ Studios–ի հիմնադիր Արման Աթոյանն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին։ Այսօր զբաղվում է AR և VR տեխնոլոգիաներով հավելվածների, խաղերի ստեղծմամբ։ Ընկերության ամենահայտնի բրենդը Arloopa–ն է։

 

 

Արման Աթոյանը ծնվել է 1985 թվականին, Երևանում քիմիկոսի և բանասերի ընտանիքում։ Դպրոց հաճախել է 6 տարեկանից։ Սովորել է թիվ 195 դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակել է ԵՊՀ–ի  Մաթեմատիկայի ֆակուլտետում։

 

 

 

–Ի՞նչը որոշիչ դեր խաղաց տեխնոլոգիաների ճանապարհը բռնելու համար։

–Փոքր ժամանակ բակում ինձնից մեծ երեխաների հետ շատ էի խաղում «Մոնոպոլիա» խաղը, որը թվերի ու հաշվարկների հետ է կապված։  Հետագայում, երբ 6 տարեկանում  ինձ ուզում էին դպրոց ընդունել, փոքր քննություն էին անկացնում` պիտի թվեր գումարեի իրար։ Երբ ինձ հարցրին ինչ կլինի 4+5, ես ասացի` կլինի, ավելի մեծ` 100,1000 թվերից սկսենք։

–Իսկ Ձեզ գերազանցիկ համարել կարելի՞ էր, թե` ոչ։

–Չէ, չէր կարելի։ Վատ չեմ սովորել, բայց ունեցել եմ սիրելի առարկաներ և ոչ այնքան սիրելիներ։ Պատմություն էի շատ սիրում։ Բայց բնագիտականը հետո խեղդեց։ 9–10–րդ դասարանում արդեն առաջնայինը ֆիզիկան ու մաթեմատիկան էին։

–Այսպես մուտք գործեցիք թվերի աշխարհ։ Իսկ ե՞րբ տեղի ունեցավ առաջին ծանոթությունը տեխնոլոգիաների հետ։

–Այն ժամանակ քիչ տեխնոլոգիաներ կային, այսպես չէր։ Հիշում եմ` իմ մանկության ընկերներից մեկը տանը համակարգիչ  ուներ  և մենք գնում էինք նրանց տուն համակարգիչ տեսնելու։ Այն ժամանակ սահմանափակ քանակությամբ խաղեր կային։ Արկանոիդ և այլն։ Ընթերցողները հաստատ, ով իմ տարիքի է, կժպտան՝ անունը կարդալիս։ Բայց, ամեն դեպքում, հետաքրքրությունը կար։ Հիշում եմ, երբ դպրոցում ինֆորմատիկա էինք անցնելու, շատ ոգևորված էի, որ  համակարգչի հետ կապված դաս է լինելու։  Ու այդ տարիքի ամենամեծ ազդեցությունը իմ վրա ունեցավ «Մատրիցա» ֆիլմը։

–Ինչո՞վ։

–Երբ մենք փոքր էինք, այդ հաքերական, IT ֆիլմերը շատ գրավիչ էին ու մարդիկ տարվում էին դրանով ու ուսումնասիրում։ Դա ֆանտաստիկ ֆիլմ էր։ Կարելի է բաժանում անել ֆիլմերը մինչև «Մատրիցա» և հետո։ Կարելի է ասել` մեր ընկերության գունային լուծումների հարցում էլ շատ մեծ դեր է խաղացել ֆիլմը` ամենը կանաչ և սև երանգների մեջ է:

–Մասնագիտության ընտրությունը արդեն երևի պարզ էր։

–Պարզ էր, բայց այդ ժամանակ, ինչքան մոտենում էր ընունելության ժամանակը, այնքան ես լավ հասկանում էի, որ մաթեմատիկան շատ լավ է ստացվում, իսկ ֆիզիկան` ոչ այնքան։ Տեսական մասը չէր ստացվում ու հարց էր առաջացել գնալ Կիրառական մաթեմատիկայի, թե պարզապես Մաթեմատիկայի ֆակուլտետ։ Ես որոշեցի, որ պետք է գնալ Մաթեմատիկայի ֆակուլտետ ու եթե որոշել եմ ծրագրավորող դառնալ, կդառնամ ամեն պարագայում։ Սովորել կարելի է ասել, սկսել եմ 3–րդ կուրսից` ծնողներս ասացին` քեզ համակարգիչ կառնենք, եթե առանց լիկվիդների վերջացնես ուսումդ։ Այդպես էլ եղավ:

–Ինչպիսի՞ն էին համալսարանական տարիները։

–Համալսարանի տարիներին, երբ նույնիսկ ծրագրավորում էլ չէինք անցնում, ես գնում էի համակարգչային լսարաններ, գրքերում կարդացած օրինակներն էի փորձարկելու նպատակով։ Համակարգիչ ունենալուց հետո սկսեցի շատ ակտիվ տանը սովորել։ Շատ կարևոր բան տեղի ուենցավ այդ ժամանակ։ «Լայքըս» ընկերություն կար, որը համալսարանում ստեղծեց լաբորատորիա ու քննությունների միջոցով ուսանողներին վերցնում էր իր մոտ սովորելու։ Ես առաջին անգամ այդ քննությունները ձախողեցի։ Հաջորդ տարի այնքան բարձր էի ստացել, որ երկրորդ փուլին էլ չմասնակցեցի` միանգամից վերցրին իրենց մոտ։

–Ե՞րբ սկսեցիք գործունեություն ծավալել ոլորտում։

–Երբ բակալավրը ավարտեցի, ավարտվեց նաև «Լայքըս»–ի դասընթացները, իրենք հրավիրեցին ինձ անսպասելի  հարցազրույցի։ Ինձ առաջարկեցին երկու ամիս պրակտիկա, որից հետո պետք է որոշեին` անցնելու եմ իրենց մոտ աշխատանքի, թե` ոչ։ Պրակտիկան բավական լավ անցավ ու ես ընդունվեցի որպես՝ QA ինժեներ` թեստավորող։ Շատ ոգևորված էի։

–Սա աշխատանքային առաջին քայլը։ Իսկ, ե՞րբ որոշեցիք ստեղծել սեփական արտադրանքը։

–2006 թվականն էր ես և իմ երկու ընկերները, ում հետ սկզբից սովորել, հետո արդեն աշխատում էինք «Լայքըս»–ում, միասին մասնակցեցինք մրցույթի` առաջին պաշտոնական հեքըթոնին։ Հաղթեցինք։ Ու դրանից հետո միտք առաջացավ` սկսել մի բան անել։ Սկսեցինք մտածել ու արդեն 2007–ի վերջին, 2008–ին սկսեցինք ինչ–որ բաներ անել։ Տեղի ունեցավ այն, որ «Լայքըս» ընկերությունը փակվեց ու հարց էր առաջանում` գնալ սեփական գլխի ճարը տեսնել, թե`  գնալ ուրիշ ընկերությունում աշխատել։ Երկու ամիս, դեռ աշխատելով ուրիշ ընկերությունում, գնացի դիմու գրեցի` հաստատ որոշելով, որ պիտի իմ սեփական նախագիծն ունենամ։ Բայց ռիսկ կար։

–Բազմիցս նշել եք, որ շատ քիչ միջոցներով եք ընկերությունը ստեղծել ու զարգացրել։

–Իմ շնորհանդեսների ժամանակ շատ եմ նշում, որ պարտքով վերցրած գումարով եմ ստեղծել ընկերությունը։ Ես միշտ համարել եմ` եթե դու դժվար ու բարդ սարքավորումներով աշխատանք չես սկսում, ուրեմն` քեզ շատ միջոցներ պետք չեն լինելու սկզբում։ Եթե դու խոսում ես ծրագրային ապահովման մասին, առավել ևս։ Մեկ  մարդն էլ է բավական, որպեսզի այդ ընկերությունը ստեղծվի։ Իրական փաստերից է` ընկերոջս ասացի, որ ուզում եմ իմ սեփական գործը սկսել։ 2000 դոլարը բավական էր սկիզբը դնելու համար։ Դա 2008 թվականն էր։

–Ինչպե՞ս ստեղծվեց X_Tech–ը։

–Սկսել եմ վեբ կայքերի պատրաստումից` այն ինչ կարողանում էի անել։ Դա հիմք էր, որի վրա հետո զարգացանք։ Այն ժամանակ մենք ֆլեշ կայքեր էինք սարքում, որոնք շատ մասսայական էին ու լավ վարձատրվող։ Ընկերությունը գրանցված չէր, բայց մենք անունը որոշել էինք արդեն` X_Tech։ Շատ հասարակ էինք արել` մեր ձեռքով ենք լոգոտիպը սարքել։ Ու հիմա էլ, որ հարցնում են` չեք ուզո՞ւմ փոխել լոգոն, ասում ենք` չէ, դա այն է, ինչով մեզ ճանաչում են։

–Առաջին հիասթափությունը աշխատանքում բնականաբար եղավ։

–2011 թվականին, երբ մենք հաղթեցինք Մայքրոսոֆթի մրցույթում, մեզ տարան Նյու Յորք։ Ու մենք այնտեղ տեսանք, թե մեր տարիքի մարդիկ ինչով են զբաղվում ու ինչեր են արդեն արել։ Կոտրվեցինք։ Շատ կարևոր հաղորդագրություն էր մեզ համար` որ եթե անգամ մեզ այստեղ համարում են լավ ընկերություն, գլոբալ առումով դա առ ոչինչ է ու շատ թույլ։ Ու սկսեցինք սենսորների վրա աշխատել։

–Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում ստեղծման օրվանից մինչև հիմա։

–Ես մտածում եմ, որ եթե անընդհատ նույն բանը անում ես, անպայման մի կետում լճանալու ես։ Պետք է նորարար լուծումներ գտնել։ Մեր գաղափարի մեջ միշտ եղել է քայլել ժամանակին համընթաց ու ժամանակը չափել ոչ թե մեր իրականության մեջ, այլ դրսի իրականության մեջ։ Apple–ը սահմանափակեց ֆլեշ կայքերը, անջատելով այն իր դիվայսներից։ Դա մեզ համար ազդանշան էր, որ փոխեինք մեր ուղղությունը։ Մոբայլ պլատֆորմերի առաջ գալը միտք տվեց, որ զբաղվենք դրանով։

 

Սյուզան Թոսունյան