«Յանդեքս» տաքսին դեմպի՞նգ է անում

Taxi sign

Հանրային խորհուրդը քննարկել է տաքսի ծառայության ոլորտում հավասար մրցակցային պայմանների ապահովման հարցը: Մասնավորապես` քննարկվել է ռուսական «Յանդեքս» ընկերության մուտքը հայկական շուկա և ընկերության կողմից սահմանված աննախադեպ ցածր գները` հնարավոր դեմպինգային քաղաքականության իրականացման տեսանկյունից:

Քննարկմանը մասնակցել են ոլորտի պետական և մասնավոր սեկտորի պատասխանատուներ: Վերջիններս խնդրահարույց են համարել «gg» ընկերության գործունեությունը` նշելով, որ ընկերությունն, ըստ էության, իրականացնում է նույն դիսպետչերական ծառայությունը, սակայն գործում է` իբրև բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող ընկերություն` զերծ մնալով տաքսի ծառայության կազմակերպման համար սահմանված կարգով պետական վճարումներ կատարելուց և դրանով իսկ ոլորտում շահեկան դիրքեր զբաղեցնում:

«gg» ընկերության ղեկավարն իր հերթին պարզաբանել է իրենց գործունեության յուրահատկությունը` նշելով, որ իրենց քաղաքականությունը միտված է ոլորտը զարգացնելուն` առանց վնասելու մյուս ընկերությունների շահերը: Ինչ վերաբերում է իրենց ընկերության հաջողություններին, ապա ընկերության ղեկավարը դա պայմանավորել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման, նոր չափորոշիչների սահմանման և որակյալ ծառայությունների մատուցման փաստով: Այնուամենայնիվ, նա առաջարկել է միասին քննարկել տաքսի ընկերություներին հուզող հարցերն ու հանդես գալ միասնական առաջարկներով:

Այն, որ ոլորտում անհավասար մրցակցություն կա, ընդունել են նաև պետական պաշտոնյաները` այդ թվում նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամը, ինչին ի պատասխան տաքսի ծառայության ընկերությունների ներկայացուցիչները կրկին պահանջել են հարցն անհապաղ կարգավորվել:

Հարցերի մյուս շրջանակը կապված է եղել ռուսական «Յանդեքս» ընկերության` հայաստանյան շուկա մուտք գործելու հետ: Ներկաները փաստել են, որ ընկերության կողմից 2 կմ-ի համար սահմանված 100 դրամ գինը խիստ կասկածելի է, և դրանում առկա է դեմպինգ իրականացնելու քաղաքականություն: Տաքսի ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են փաստեր, որոնք հաստատում են, որ նշված գինն ինքնարժեքից ցածր է` հավելելով, որ ռուսական ընկերությունը «400 դրամ» տարբերությունը վարորդներին վճարում է իր ֆինանսական ռեսուրսների հաշվին: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան էլ իր հերթին է կարծիք հայտնել, որ կա դեմպինգի հավանականություն` ելնելով օրենսդրությունից բխող որոշ դրույթներից:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանից հետաքրքրվել է, թե արդյոք հանձնաժողովը քննարկե՞լ է հնարավոր դեմպինգի հարցը: Վերջինս պատասխանել է, որ քանի դեռ ընկերությունը շուկայի մեկ երրորդից ավելին չի գրավել, ապա դա դեմպինգ համարվել չի կարող` հավելելով, որ ընկերության կողմից սահմանված ցածր գինը մարքեթինգային քայլ է, և որ պետք է նոր ընկերությանը շուկա մուտք գործելու հնարավորություն տալ:

Վազգեն Մանուկյանը հակադարձել է` նշելով, որ հանձնաժողովը պետք է պաշտպանի իր պետության շահերը` թույլ չտալով, որ օտարերկրյա խոշոր ընկերությունները, օգտագործելով իրենց ֆինանսական հզոր ռեսուրսները, շուկայից դուրս մղեն տեղական ընկերություններին: Նա անհրաժեշտ է համարել ուսումնասիրել «Յանդեքս» ընկերության կողմից սահմանված գինն ու համապատասխան քայլեր՝ ձեռնարկել դեմպինգային քաղաքականությունը կանխելու ուղղությամբ:

Քննարկմանը ներկա չի եղել միայն «Յանդեքսի» ներկայացուցիչը, քանի որ որևէ կերպ հնարավոր չի եղել կապ հաստատել ընկերության ղեկավարության հետ:

Կարդացեք նաև

Яндекс Такси-ն` հայկական շուկայում առկա մրցակիցների մասին

Բարքեմփի ամենամեծ սկանդալը. ինչի՞ց սկսեց ամեն ինչ, և ի՞նչ է լինելու

Яндекс Такси-ն արդեն գործում է Երևանում

Яндекс Такси-ն հուլիսի 1-ից կլինի Երևանում՝ 100 դրամ մինիմալով