«Ռոսկոմնադզոր»-ը արգելափակել է Yandex-ի, VKontakte-ի և Facebook-ի IP հասցեները

Ապրիլի 27-ի գիշերը «Ռոսկոմնադզոր»-ի արգելված կայքերի ռեեստրում հայտնվել են «Յանդեքս»-ի, ինչպես նաև  RuNet-ում գործող սոցցանցերի՝ VKontakte-ի, Twitter-ի, Facebook-ի և Odnoklassniki-ի  IP հասցեները: Առաջիններից մեկը արգելափակումը նկատել է RKNShowtime Telegram ալիքը, որը հետևում է արգելափակված ռեսուրսների ցանկի ընդլայնմանը:

«Արգելափակվել են Yandex-ի և Facebook-ի 5 IP հասցեներ, VKontakte-ի և Odnoklassniki-ի մեկական հասցե, ինչպես նաև` Twitter-ի 3 հասցե: «Սև ցուցակում» են նաև Amazon-ի, Microsoft-ի և Google-ի որոշ IP հասցեներ»,– նշել է Diphost պրովայդերի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Կուլինը:

Բացի այդ, «Ռոսկոմնադզոր»-ը արգելափակել է նաև Yahoo-ի և առցանց օրագրերի Liveinternet ռուսական ծառայության IP հասցեները, որոնք պատկանում են ՌԴ նախագահի՝ համացանցի զարգացման հարցերով խորհրդատու Գերման Կլիմենկոյին: Ընդհանուր առմամբ, արգելափակվել է ավելի քան 180 IP հասցե:

Սակայն Մոսկվայի ժամանակով 2:22-ի դրությամբ բոլոր նշված IP-հասցեները հանվել են արգելված կայքերի ռեեստրից, հայտնում է TJ պորտալը:

Որոշ սոցիալական ցանցերի IP հասցեների՝ արգելված կայքերի ռեեստրում հայտնվելը, ինչի մասին հայտնել էին ԶԼՄ-ները,  կապված է  համակարգի աշխատանքի տեխնոլոգիական առանձնահատկությունների հետ: Այս մասին տեղեկացվում է «Ռոսկոմնադզոր»-ի թվիթերյան էջում: