Յավրուհրատ նախաձեռնության կողմից թվայնացվել է արդեն 120 հայերեն գիրք (հարցազրույց)

Յավրուհրատ-ն առցանց նախագիծ է, որը զբաղվում է հայերեն էլեկտրոնային գրքերի հրատարակությամբ։ Հիմնվել է 2012-ին։ Հրատարակչության գրքերը epub և mobi տարբերակներով հասանելի են Google Play, iTunes iBookstore, Amazon (Kindle Books), Kobobooks հարթակներում՝ eBook Reader-ների (Sony, Kindle, Kobo և այլն), Android համակարգով պլանշետների ու սմարթֆոնների, iPad/iPhone-ների համար։ Օգտվելու մանրամասն ուղեցույցին ծանոթացեք այստեղ:

Նախաձեռնության ստեղծման պատմության, ընթացիկ աշխատանքների մասին ittrend.am-ը զրուցեց նախաձեռնության հեղինակ ու ղեկավար Մարատ Յավրումյանի հետ:

12737029_1185818551447921_1336951124_o
Մարատ Յավրումյան

– Յավրուհրատը հանդիսանում է հայալեզու գրքերի թվայնացմամբ զբաղվող առաջին նախագծերից մեկը, ինչպե՞ս հասկացաք, որ նման նախագծի անհրաժեշտություն կա։

– Մինչ այդ էլ Հայաստանում խոշոր նախագծեր կային ու կան հիմա, որոնք զբաղվում էին ու շարունակում են զբաղվել հայերեն գրականության թվայնացմամբ, թե´ պրոֆեսիոնալ, թե´ սիրողական մակարդակում։ Բայց էլեկտրոնային գրքեր, որպես էլ.գրքերի ընթերցիչների, սմարթֆոնների կամ պլանշետների համար հատուկ պատրաստվող հայերեն գրքեր կա´մ չկային, կա´մ հատուկենտ էին։ Անհրաժեշտությունը հենց այստեղից առաջացավ. երբ գնում ես քո առաջին Kindle-ը ու աղջիկդ քեզ հարցնում է, թե արդյո՞ք կարող է «Թոմ Սոյերի արկածները» կարդալ ու պարզվում է, որ չէ, չի կարող, որովհետև հայերենով չկա այդ էլ. գիրքը, մտածում ես, իսկ ինչու ինքդ չպատրաստես։ Այսպես էլ սկսվեց. ստեղծել գրքեր, որոնք ինքդ կկարդաս ու կուզենաս, որ մյուսներն էլ կարդան։

Առաջինը պատրաստվեցին Թումանյանի հեքիաթներն ու Սասունցի Դավթի թումանյանական մշակումը, որովհետև այդ երկերի թվայնացված տեքստն արդեն կար, ու հեշտ էր, ու դա դեռ սկիզբն էր, դեռ պետք էր հմտանալ ու հասկանալ, թե ինչ ես զգում էլ.գրքեր ընթերցելիս։ Հետո արդեն վարժվում ես, սովորույթ է դառնում։

– Իր ստեղծման օրվանից մինչ այժմ քանի՞ գիրք է թվայնացվել, տարեկան միջինում որքա՞ն եք թվայնացնում։

– Սկզբում օգտվում էի թվային շտեմարաններից, այն նախագծերից, որոնցում հնարավոր էր գտնել արդեն իսկ թվայնացված տեքստեր։ Հետո առաջացավ այդ տեքստերը ստուգելու, ակադեմիական հրատարակությունների հետ համեմատելու ու ճշգրտելու անհրաժեշտությունը, որովհետև երբ սկսում ես ինքդ քեզ որպես հրատարակիչ գիտակցել, իսկ այդ գիտակցությունը բավական ուշ եկավ, արդեն չես վստահում համացանցում տարածվող տեքստերին ու սկսում ես ինքդ թվայնացնել գրքերը։ Տարեկան թվայնացվում է միջինում երկուս-երկուսուկես հազար էջ։ Ստացվում է մոտ քսան գիրք կամ ավելի։ Յավրուհրատում հիմա մոտ 120 գիրք կա, որոնց գերակշիռ մասը, 2014-ից սկսած, հիմնականում արդեն իսկ Յավրուհրատում է թվայնացվել։

– Թվայնացման գործընթացով միայն Դու՞ք եք զբաղվում, թե՞ կա թիմ, որն աշխատում է Ձեզ հետ։

– Թվայնացումը մեծ համբերություն է պահանջում, համառություն, տեքստի հետ աշխատելու հմտություն։ Այս առումով ինձ շատ օգնեց այն, որ աշխատել էի ու աշխատում էի ձեռագրերի հետ, ու նաև օրաթերթերից մեկի խմբագրությունում։ Զբաղվում էի ինքս, հետո ուսանողները, որոնց դասավանդում էի, նրանք սկսեցին հետաքրքրվել ու օգնել, ու օգնում են նաև հիմա, որպես կամավորներ, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Հայերեն էլ. գրքեր ունենալու գաղափարը շատերին է ոգևորում ու շատերն են մասնակցում կա´մ գրքերի թվայնացմանը, կա´մ նրանց մասին պատմելու, դրանք տարածելու գործին։ Էլեկտրոնային գրքեր ընթերցելու մշակույթ է ձևավորվում քիչ-քիչ։ Սա իրոք ոգևորիչ է։

2012-ից գործընկերոջս՝ Ռուբեն Միրաքյանի հետ համատեղ նախագիծ սկսեցինք՝ Armenian eBooks,  որի շրջանակներում ստեղծվեցին հայերեն մեդիա-գրքեր, նոր, էլ. գրքերի համար նախատեսված նկարազարդումներով հեքիաթաշար հրատարակվեց։

– Որքա՞ն է տևում մեկ հատոր գրքի թվայնացման գործընթացը։

– Յավրուհրատը, ինչքան էլ վերջին «հրատ»-ը հրատարակչություն է հուշելու, իրականում շարունակում է մնալ անհատական նախաձեռնություն։ Ու թվայնացման վրա ծախսվող ժամանակը կախված է նրանից, թե ինչքան ազատ ժամանակ կա, միայնակ ես, թե հաջողվել է մի քանիսին էլ ոգևորել ու ընդգրկել ինչ-որ մի գրքի պատրաստման մեջ, տեխնիկական մանր խնդիրներ, որոնցից կախված է ծախսվող ժամանակը։ Մեկ ամիս, երկու, երեք։ Տարբեր է։

– Ինչպե՞ս եք ընտրում այն գրքերը, որոնք թվայնացնում եք, ըստ Ձեր նախընտրության, գրքի հանրահայտ լինելով, թե…

– Եթե անկեղծ, հստակ, որպես մշակված ռազմավարություն, կամ, չգիտեմ՝ զարգացման ծրագիր, կամ ընթերցողների ճաշակին հաճո գրքեր ընտրել, այսպիսի բան չկա։ Արդեն ասացի, թվայնացնում եմ գրքեր, որոնք ես ինքս եմ կարդում։ Սա միգուցե եսասիրական է հնչում, բայց եթե ես կարդում եմ, եթե չեմ ափսոսում ժամանակը, որը ծախսում եմ կարդալուն զուգահեռ թվայնացնելու վրա, միգուցե գիրքը իրոք հաջողված է ու մեծ է հավանականությունը, որ մյուսներն էլ կարդան։ Թե ինչ է ստացվում, կարող են դատել արդեն մյուսները։

– Յավրուհրատի կողմից թվայնացված գրքերից ոչ բոլորն են, որ անվճար են, ինչի՞ հետ է դա կապված, և ընդհանրապես նախագիծը շահույթ հետապնդում է, թե՞ ոչ։

– Սկզբում բոլորն էին անվճար։ Հիմա՝ մեծ մասը։ Այստեղ նուրբ մի պահ կա։ Ձևավորվել է ու դեռ մնում է պատկերացումը, որ էլեկտրոնային գիրքը պիտի անվճար լինի։ Կամ կարելի է գտնել դրա անվճար տարբերակը, ինչպես ասենք համակարգչային ծրագրերի անվճար տարբերակը։ Էլ. գիրքն այնպիսին չէ, որի դիմաց կարելի է վճարել։ Հեղինակի, հրատարակչի ջանքը գումարային առումով ոչինչ է ընթերցողի համար։ Ընթերցողը պատրաստ է կարդալ գիրքը, բայց պատրաստ չէ վճարել դրա դիմաց։ Պարզապես չի ուզում վճարել ու վերջ։ Գիրքը տպագիր չէ, նյութական չէ, կամ, չգիտեմ, ասենք տանը, գրադարակում չի կարող դնել։ Այս միտումը կոտրելուն է ուղղված գրքերի մի մասը վճարովի դարձնելը։ Մյուս կողմից էլ, իհարկե, ջանքը, ժամանակը, աշխատանքը, որը ներդրվում է էլ. գիրք պատրաստելու մեջ, ուզում ես, որ նաև ֆինանսական առումով փոխհատուցված լինի։ Ամեն դեպքում, Յավրուհրատը զուտ շահույթին միտված ձեռնարկ չէ։

– 21-րդ դարում շատ տարածված և մեծ պահանջարկ ունեն աուդիոգրքերը, հնարավո՞ր է արդյոք, որ Յավրուհրատը հետագայում նույնպես զբաղվի աուդիոգրքերի ստեղծմամբ և տարածմամբ։

– Աուդիոգրքեր ինքս չեմ լսում, դրանց սիրահարը չեմ, չնայած ռադիոբեմադրություններ շատ եմ սիրում, ու Յավրուհրատը հազիվ թե սկսի զբաղվել աուդիոգրքերով։ Ինչքանով տեղյակ եմ, հայերեն աուդիոգրքերի պատրաստման մի քանի նախագիծ կա ու բավական հաջող։

– Էլեկտրոնային գրքերի տարածման հետ մեկտեղ հայ ընթերցասեր հասարակությանշրջանում մտավախություն առաջացավ, որ դրանք կարող են «սպանել» գրքի ավանդական տեսակը և վտանգի ենթարկել գիրքն ընդհանրապես, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ և ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի գրքի ապագան։

– Մտավախությունը կա, միշտ եմ լսում։ Սրանով է պայմանավորված, որ գոնե մեր իրականության մեջ հայկական «ավանդական» հրատարակիչները զգույշ են էլեկտրոնային գրքեր հրատարակելու հարցում։ Եթե ավելի անկեղծ, հիմնականում չեն հրատարակում։ Եթե որպես բիզնես ենք նայում այս հարցին, ապա էլեկտրոնային գրքերը վաճառքների հավելյալ հնարավորություն է։ Շատերը տպագիր գիրքն են նախընտրում, մյուսները՝ էլեկտրոնայինը։ Մեկը մյուսին չի խանգարում։ Գլխավորը, որ ես, դուք, մյուսները ունենանք մեր սիրած գիրքը նաև էլեկտրոնային եղանակով կարդալու հնարավորություն, մանավանդ, որ այդպիսի գիրքը տպագրական ծախսեր չի էլ ենթադրում։

Ինչպիսի՞ն կլինի գրքի ապագան։ Չգիտեմ։ Եթե խոսքը միայն գեղարվեստական գրականության մասին է, ապա էլեկտրոնային գիրքը նույն տպագիրն է, պարզապես ոչ թղթի վրա։ Էլեկտրոնային գիրքը տեխնիկական նորարարություն է, թղթի փոխարեն այն տպված է էլեկտրոնային թղթի վրա, էլեկտրոնային թանաքով։ Այս դեպքում գրքի էությունը այնքանով է փոխված, որքանով էլեկտրոնային սարքավորումը, որի վրա կարդալու եք գիրքը, տեխնիկապես ավելի կատարելագործված է, քան թուղթը։ Հիմա շատ են խոսում մեդիա-գրքերի մասին։ Սա դեռ սկիզբն է…