«ԵրևանԷն» հիմնադրամը ստեղծում է հայերեն լեզվի մշակման գործիքներ

ittrend.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երևանում սկսել է գործել «ԵրևանԷն» (YerevaNN) շահույթ չհետապնդող հետազոտական լաբորատորիան, որտեղ մասնագետները զբաղվում են մեքենայական ուսուցման (machine learning) խնդիրներով:

ittrend.am-ի հետ զրույցում հիմնադրամի հիմնադիր Հրանտ Խաչատրյանն ասաց, որ այժմ հիմնադրամն աշխատում է երեք ուղղություններով.

  1. Պատկերների գեներացում նեյրոնային ցանցերի միջոցով: Ընդհանրապես նեյրոնային ցանցերը հայտնի են որպես պատկերների դասակարգման հզորագույն գործիքներ՝ ցանցը մուտքում ստանում է պատկեր և կարողանում է որոշել, թե ինչ է այնտեղ պատկերված: Սակայն կան նեյրոնային ցանցերի տեսակներ, որոնք կարողանում են ստեղծել նոր պատկերներ: «Մենք ուսումնասիրում ենք այդպիսի ցանցերի մի շարք տարատեսակներ և փորձում ենք հասկանալ, թե «նկարելու կարողությունը» ինչպես կարող է օգնել նեյրոնային ցանցին ավելի կայուն և վստահելի դասակարգում անել»,- մանրամասնեց հիմնադիրը:
  2. Բժշկական տվյալների բազաների մշակում՝ մեքենայական ուսուցման մեթոդներով: Մի շարք գիտական կենտրոններում այժմ ուսումնասիրում են մեքենայական ուսուցման ալգորիթմների կիրառելիությունը բժշկական խնդիրների համար: «Կան բժշկական խոշոր տվյալների բազաներ, որոնք սակայն հարմարեցված չեն մեքենայական ուսուցման գործիքների համար և հնարավորություն չկա համեմատել տարբեր ալգորիթմների արդյունավետությունը այս կամ այն խնդրի դեպքում: Մենք փորձում ենք լրացնել այս բացը»,-նշեց Խաչատրյանը:
  3. Հայերենի համար բնական լեզվի մշակման (natural language processing) գործիքների ստեղծում: Մի շարք լեզուների համար վաղուց մշակված են բազմաթիվ ալգորիթմներ, որոնք կարողանում են վերլուծել նախադասությունները, հասկանալ նախադասության «տրամադրությունը» (sentiment analysis), ընդհուպ մինչև պատասխանել հարցերի և թարգմանել տեքստը: Այս գործիքներից շատերը աշխատում են մեքենայական ուսուցման ատրբեր մեթոդների հիման վրա, այդ թվում՝ նեյրոնային ցանցերի: «Մենք փորձում ենք այսպիսի գործիքներ ստեղծել նաև հայերենի համար: Այս ուղղությամբ մեր կատարած առաջին քայլը լատինատառ հայերեն տեքստը հայատառի փոխարկող նեյրոնային ցանցի մշակումն էր»,-ասաց հիմնադիրը:

Նշենք, որ «ԵրևանԷն» գիտակրթական հիմնադրամն ունի նաև հոգաբարձուների խորհուրդ, ինչպես նաև համագործակցում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Ինֆորմացիոն համակարգերի ինստիտուտի հետ: