Թողարկվել է CityBugs.am-ի iOS և Android հավելվածը

Թողարկվել է CityBugs.am կայքի բջջային հավելվածը՝ հասանելի թե՛ iOS և թե՛ Android ՕՀ-ի համար:

CityBugs-ը գործարկվել է 2011-ին: Կայքում գրանցվելով՝ բնակիչները կիսվում են իրենց համայնքներում առկա խնդիրների մասին, առաջարկում դրանց նորարար լուծումներ և մասնակցում քննարկումների: Բոլոր bug-երը (խնդիրները) տեղարդրվում են կայքի ինտերակտիվ քարտեզի վրա, որը պատկերվում է, թե որ համայնքում՝ ինչ խնդիր կա: Խնդիրներն ուղարկվում են Երևանի քաղաքապետարան և այլ պատկան մարմիններ: Կարելի է հետևել նաև դրանց լուծման ընթացքին:

CityBugs.am նոր բջջային հավելվածը թույլ է տալիս ավելացնել խնդիրներ՝ գրանցվելով կամ էլ.փոստով կամ Facebook հաշվով: Բացի խնդիրների վերհանումից, բջջային հավելվածի միջոցով կարող եք ավելացնել սեփական առաջարկները:

citybugs

Հավելվածը հասանելի է երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Մուտք գործելով հավելված անհրաժեշտ է ընտրել Ձեր քաղաքը՝ ցանկում առկա 5 քաղաքներից (Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր, Ստեփանակերտ) և բարձրաձայնել խնդրի մասին:

Նշենք, որ CityBugs.am-ը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: