X սոցիալական ցանցը կարող է 75 մլն դոլար կորցնել գովազդատուների հեռանալու պատճառով

Մինչև տարեվերջ X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter) կարող է կորցնել մինչև 75 միլիոն դոլարի գովազդային եկամուտ՝ իր սեփականատեր Իլոն Մասկի` հրեաների և Գազայի հատվածում հակամարտության մասին հայտարարությունների պատճառով, որից դժգոհ են մի շարք խոշոր ընկերություններ։ Այս մասին հայտնել է New York Times-ը:

«X սոցիալական ցանցը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 միլիոն դոլար գովազդային եկամուտ այն բանից հետո, երբ տասնյակ խոշոր ապրանքանիշեր դադարեցրել են համագործակցությունը դրա հետ», — ասվում է նյութում:

Հաղորդվում է նաև, որ Airbnb-ն, Amazon-ը, Coca-Cola-ն և Microsoft-ը դադարեցրել են գովազդը X-ում։ Ընդհանուր առմամբ, մոտ 100 ապրանքանիշ արդեն հրաժարվել է Մասկի սոցիալական ցանցում գովազդից, և մինչև 200 ընկերություններ կարող են դադարեցնել համագործակցությունը։