Մայիսի 30-ին Երևանում կանցկացվի Mobile App Expo 2014-ը

Mobile expo logoՄայիսի 30-ին Սիրահարների այգում (Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 21) տեղի կունենա Մոբայլ հավելվածների ցուցահանդես՝ Mobile App Expo 2014-ը:

Ցուցահանդեսը կհյուրընկալի շուրջ 50 ընկերությունների, որոնք կներկայանան «խելացի հեռախոսների և սարքերի» համար իրենց մշակած խաղերով, բիզնես, կրթական, ժամանցային և սոցիալական ծրագրերով: Գրքեր հեռախոսում, ինտերակտիվ այբբենարան, նկարների ձևափոխում և կոլաժների պատրաստում մի քանի հպումով, տարադրամի լավագույն արժույթը բանկերում, կրթական և արկածային խաղեր, սրանք մի փոքր մասն են հավելվածների, որ կներկայացվեն ցուցահանդեսին:

Այցելուները տաղավարներում կարող են փորձարկել և ծանոթանալ ոչ միայն հայաստանյան օգտագործողի համար մշակված հավելվածների հետ, այլև ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտագործողներ ունեցող «տեղական արտադրության» մոբայլ ծրագրերի հետ: Այցելուների մուտքն ազատ է: Ցուցահանդեսի խաղերի գոտում նրանց սպասվում են հաճելի անակնկալներ և մրցանակներ:

 Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ՝

  • Բաց դաս առաջին դասարանի աշակերտների համար, հայկական արտադրության շարժական համակարգիչների ՝ ԱրմԹաբերի օգնությամբ:
  • Մոբայլ հավելվածների աքսելերացիայի ճամբար (Mobile App Acceleration Camp:MAAC). որի ընթացքում տարածաշրջանի սկսնակ ընկերությունները կաշխատեն փորձագետների հետ WindowsPhone հենքով նորարար հավելվածների գաղափարների վրա:  Լավագույնները  AppCampus ծրագրի կողմից կստանան ֆինանսավորում:
  • Մայիսի 31ին, սկսնակ ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները Imperious Group ռուսական և  Granatus Ventures առաջին հայկական վենչուրային հիմնադրամներին:

Կազմկերպությունների համար ցուցահանդեսի գրանցման  վերջնաժամկետն է մայիսի 16, 2014 թ.:

Միջոցառման կազմակերպիչներն են՝ «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնը և Պողոսյան Պարտեզները: