Վաղը կկայանա «Բաց Խաղ» խաղերի նախագծման մրցույթի 2-րդ փուլը

open game5Օգոստոսի 9-ին Մերգելյան ինստիտուտում տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության երկրորդ մրցութային փուլը: Առաջնությանն այս պահին մասնակցում է 20 թիմ, որոնք մրցում են նախապես հայտարարված 8 անվանակարգերում:

Ինչպես տեղեկացնում են Օրանժ ընկերության մամլո ծառայությունից, առաջնությանը գրանցումը դեռևս բաց է, բոլոր ցանկացողները կարող են գրանցել իրենց խաղերը մինչև հոկտեմբերի 12-ը՝ հետևյալ հղմամբ: Վաղօրոք գրանցվողները հնարավորություն կունենան պարբերաբար հանդիպել մրցույթի ժյուրիի անդամների հետ և ստանալ խորհուրդներ խաղերի հետագա զարգացման վերաբերյալ:

Մինչ այժմ գրանցված թիմերին և նրանց ներկայացրած խաղերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը 3,000,000 ՀՀ դրամ է: Առաջնության մասնակիցները նաև հնարավորություն ունեն անվճար մասնակցելու «Բաց Խաղ»-ի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին, վարպետության դասերին և ԻՏՁՄ միջոցառումներին:

Մրցութային 2-րդ փուլին կարող են ներկա գտնվել ոլորտով հետաքրքված բոլոր ցանկացողները:

Առաջնությունն արդեն չորրորդ անգամ ներկայացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերությունը, որը նախագծի գլխավոր գործընկերն է: Առաջնության գլխավոր հովանավորն է «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, դուրս գալ միջազգային շուկա, մոտիվացնել երիտասարդների հետագա ներգրավումը ՏՏ ոլորտ: