«Ռոբոտներն առօրյայում» փառատոն՝ ԴիջիԹեք Էքսպո 2014-ում

_VIK9487Հոկտեմբերի 3-5-ը կայանալիք ԴիջիԹեք Էքսպո 2014 ամենամյա միջազգային տեխնոլոգիական 10-րդ հոբելյանական ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու է «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը: Փառատոնի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են: Այդ խմբակները ձևավորվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում՝ նապատակ ունենալով դպրոցահասակ երեխաների շրջանում զարգացնել տեխնոլոգիական մտածելակերպը և ուղղորդել նրանց հետագա կողմնորոշումը դեպի ՏՏ ոլորտի մասնագիտությունները: Այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում և Արցախում գործում է 60 ինժեներական խմբակ, որոնց համար պարբերաբար անցկացնում են իրեր տարբերակող, գծին հետևող, և այլ ռոբոտների մրցույթներ:

Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվելու է նաև էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունը և թափոնների վերամշակման կամ այլ նպատակներով օգտագործման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն է: «Տեխնոլոգիաների զարգացումը չպետք է բերի շրջակա միջավայրի աղտոտմանը, այդ պատճառով ուշադրություն ենք հրավիրում էկոլոգիական խնդիրներին»,- ասում է ծրագրի ղեկավար Աննա Բարոյանը:

«Ռոբոտներն առօրյայում» փառատոնի այցելու պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալ իրենց հասակակիցների հաջողություններին, կիսվել տպավորություններով, իսկ նրանց ծնողները կարող են ակնառու գնահատել ինժեներական խմբակների հնարավորությունները, աշխատանքների կազմակերպման ձևաչափերը և որոշում կայացնել իրենց երեխաների ապագա մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ:

«Փառատոնը լավ առիթ է, որպեսզի պատանիները ծանոթանան և շփվեն միմյանց հետ, փոխանակեն իրենց փորձը, համատեղ նախագծեր ստեղծեն և թիմեր ձևավորեն»,- ասում է ԻՏՁՄ գործ. տնօրեն Կարեն Վարդանյանը: