Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացմանը

DAV_4095 copyՕրերս տեղի է ունեցել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացումը, որը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: Կենտրոնի բացմանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. կառավարության որոշմամբ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) գործունեության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Գյումրիի տեխնոպարկի ստեղծման նպատակն է նպաստել քաղաքի զարգացմանը` այն վերածելով ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։ Ծրագիրն էական նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից՝ այդպիսով նպաստելով նաև տարածքային համաչափ զարգացմանը, երկրի ընդհանուր մրցունակության բարձրացմանն ու Գյումրի քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ճյուղերի զարգացմանը: Տեխնոլոգիական կենտրոնը միաժամանակ հնարավորություն կընձեռնի արտադրական գործընթացներում ընդգրկելու Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին:

Հանրապետության նախագահը կենտրոնում այցելել է «Ջի-Այ-Թի-Սի սթարթ-ափ» ակումբ, ուսումնական և «ԱրմԹաբ» լաբորատորիաներ, Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարական ծրագրի սենյակ, ճարտարագիտության և մեխանիկական լաբորատորիաներ, «Ռոստելեկոմ»-ի գրասենյակ, ցուցասրահ, «Դ-Լինք» և «Ի-Վորկս» ընկերությունների սենյակներ, մուլտիմեդիայի տաղավար և լսարան, որտեղ հանդիպում է ունեցել Գյումրիի դպրոցներից կենտրոն այցելած շուրջ 130 ուսուցիչների հետ: Տեխնոլոգիական կենտրոնում նախագահն ազդարարել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը:

Նշենք, որ ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում: Այն լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության: Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից:

«Նախատեսվում է, որ Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրի շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ՝ օրինակ ծառայելով Հայաստանի դպրոցների ուսուցիչների ներկայիս ու նոր սերնդի համար, ինչպես նաև կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց:

Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի` ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում»,-իր խոսքում նշել է նախագահը: