Հայաստանում կանցկացվի տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ միջոցառումը

logoWCIT_256x256Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) 2019 թվականին առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Այս մասին տեղեկանում ենք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):

«ԻՏՁՄ-ն նպատակադրվել էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ և կարևոր միջոցառումն անցկացնել Հայաստանում և առաջարկով հանդես էր եկել Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսին (WITSA,  www.witsa.org): Առաջարկը քննարկվել է սեպտեմբերի 29-ին Մեքսիկայի Քվադալահարա քաղաքում կայացած WCIT 2014 շրջանակներում (www.wcit2014.org) և որոշվել, որ 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (World Congress on Information Technology) կանցկացվի Հայաստանում»,- նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Կոնգրեսի շնորհիվ Հայաստանը կդիրքավորվի աշխարհի ՏՏ քարտեզի վրա, լայն տարածում կգտնի «Արտադրված է Հայաստանում» բրենդը, ինչպես նաև Համաշխարհային ՏՏ կոնգրեսը հնարավորություն կընձեռի հայկական տեխնոլոգիական ընկերություններին ստեղծելու արդյունավետ միջազգային կապեր ու ձեռք բերել նոր գործընկերներ:

WCIT-ը ՏՀՏ ոլորտի ամենահեղինակավոր համաժողովն է, որի հիմնական նպատակն է քննարկել ՏՀՏ ոլորտի հրատապ հարցերը և մարտահրավերները, ցույց տալ իրավական, քաղաքական և տնտեսական գործընթացների ազդեցությունը տեխնոլոգիական բիզնես մոդելի վրա:

Համաշխարհային կոնգրեսին մասնակիցում են ՏՀՏ ընկերությունների ղեկավարներ, ձեռներեցներ և բիզնես առաջատարներ, պետական-քաղաքական այրեր, գիտական-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և այլ: Համաժողովի ընթացքում կազմակերպվում են B2B հանդիպումներ, անցկացվում է ցուցահանդես, որի ընթացքում յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր երկրի տեխնոլոգիական լուծումները: