Հոկտեմբերի 16-ից 18-ը Հայաստանում տեղի կունենա Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալեն: Բիենալեի հիմնական անվանակարգերն են`
- Հեռուստատեսային և վիդեո գովազդ
- Տպագիր և արտաքին գովազդ
- Թվային և նոր մեդիա
- Ռադիո գովազդ
- Գրաֆիկ դիզայն
- Մարքեթինգային արշավներ
- PR արշավներ
- Գիրք
- Սոցիալական գովազդ
Բիենալեին կմասնակցեն հեղինակավոր ընկերություններ, միջազգային ժյուրի և մասնակիցներ ավելի քան 10 երկրներից՝ Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Մոլդովա, Ղազախստան, Ուզբեկիստան, Վրաստան, Իրան, ԱՄԷ, Լիբանան, Թուրքիա, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի երկրներ: Միջազգային ժյուրին հավասար պայմաններում կքննի հյուսիսարևմտյան և հարավարևելյան գովազդային ընկերությունների գործերը: Փառատոնի շրջանակներում նրանց կողմից կանցկացվեն նաև վարպետության դասեր: Բիենալեի ընթացքում կազմակերպվում են նաև ցուցահանդեսներ, շրջագայություն Հայաստանում և, իհարկե, երեկույթներ:
Երևանի կոմունիկացիաների միջազգային բիենալեի նպատակներն են աշխարհի տարբեր անկյունների գովազդային ընկերությունների միջև կապի զարգացումն ու ամրապնդումը, եվրոպական և ասիական գովազդային գործակալությունների միջև փորձի և գիտելիքների փոխանակումը, ինչպես նաև ուսանողների և գովազդային ոլորտի աշխատողների մասնագիտական աճը:
Բիենալեի կազմակերպիչը Հայաստանի գովազդային խորհուրդն է, իսկ գործընկերներն են «Անտարես» մեդիա հոլդինգը, «Շարմ» հոլդինգը, «Այփի մարքեթինգ», «Բեքբոն բրենդինգ» և «Փրայմ Քոմերշլ» ընկերությունները: