Մեկնարկեց Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեն

10552484_559641330847859_6779326820834736509_nԱյսօր մեկնարկեց Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեն, որին մասնակցում են հեղինակավոր ընկերություններ, միջազգային ժյուրի և մասնակիցներ ավելի քան 10 երկրներից՝ Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Մոլդովա, Ղազախստան, Ուզբեկստան, Վրաստան, Իրան, ԱՄԷ, Լիբանան, Թուրքիա, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի երկրներ: Միջազգային ժյուրին հավասար պայմաններում կքննի հյուսիսարևմտյան և հարավարևելյան գովազդային ընկերությունների գործերը: Փառատոնի շրջանակներում նրանց կողմից կանցկացվեն նաև վարպետության դասեր: Բիենալեի ընթացքում կազմակերպվում են նաև ցուցահանդեսներ, շրջագայություն Հայաստանում և, իհարկե, երեկույթներ:

Միջոցառմանը բացմանը ելույթ ունեցավ բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը,  Շարմ Հոլդինգ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը և ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ովքեր ողջունեցին բիենալեի մասնակիցներին` մաղթելով հաջող ընթացք: Միջոցառումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 18-ը, ծրագրին կարող եք ծանոթանալ festival.am կայքում:

Բիենալեի նպատակներն են աշխարհի տարբեր անկյունների գովազդային ընկերությունների միջև կապի զարգացումն ու ամրապնդումը, եվրոպական և ասիական գովազդային գործակալությունների միջև փորձի և գիտելիքների փոխանակումը, ինչպես նաև ուսանողների և գովազդային ոլորտի աշխատողների մասնագիտական աճը:

Բիենալեի հիմնական անվանակարգերն են`

  • Հեռուստատեսային և վիդեո գովազդ
  • Տպագիր և արտաքին գովազդ
  • Թվային և նոր մեդիա
  • Ռադիո գովազդ
  • Գրաֆիկ դիզայն
  • Մարքեթինգային արշավներ
  • PR արշավներ
  • Գիրք
  • Սոցիալական գովազդ

Բիենալեի կազմակերպիչը Հայաստանի գովազդային խորհուրդն է, իսկ գործընկերներն են «Անտարես» մեդիա հոլդինգը, «Շարմ» հոլդինգը, «Այփի մարքեթինգ», «Բեքբոն բրենդինգ» և «Փրայմ Քոմերշլ» ընկերությունները: