Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է քննարկել ԱՄՆ մուտքի արտոնագիր չստանալու վերաբերյալ հարցերը

11_47_8_webՕրեր առաջ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անունից գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որը վերաբերում էր Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության` Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը խոչընդոտող վարքագծին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ վերջին շրջանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության քմահաճության հետևանքով Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներն ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն ստանում:

Այժմ դեսպանատունը պատրաստակամություն է հայտնել քննարկել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ ԱՄՆ մուտքի արտոնագիր չստանալու վերաբերյալ հարցերը: Դեսպանատան մամուլի ծառայությունը հաղորդում է, որ կայացել է հանդիպում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են վիզայի հետ կապված խնդիրները: «Մենք գիտակցում ենք Հայաստանում ՏՏ ոլորտի կարևորությունն ու շարունակում ենք նպաստել դրա զարգացմանը` միևնույն ժամանակ պահպանելով ԱՄՆ մուտքի վիզա տրամադրելու կանոնները», – ասվում է դեսպանատան հաղորդագության մեջ:

Նշենք, որ ԻՏՁՄ-ի տվյալներով` հայաստանյան ՏՏ ոլորտի արտահանման շուկայի շուրջ 59 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, իսկ Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերությունների շուրջ 47 տոկոսը հիմնադրվել են ամերիկյան կապիտալով: