Դեկտեմբերի 1-ին քաղաքացիները կբոյկոտեն Արցախում գործող ռոումինգը

10670224_378065799029511_4290844854323704072_nFacebook սոցցանցում մեծ թափ է առնում «Ոչ ռոումինգին» նախաձեռնությունը, որին արդեն միացել է 1100-ից ավելի օգտատեր։ Կազմակերպիչները կոչ են անում 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ի նշան անհամաձայնության բոյկոտել Արցախի տարածքում գործող ռոումինգ ծառայությունը։ Նրանք պահանջում են անհապաղ վերացնել այդ ամոթալի երևույթը: Նախաձեռնության էջում նշվում է․

«Սա Հայաստանն է և վերջ… Լեոնիդ Ազգալդյանի այս խոսքերը սիրում են ցիտել և իշխանությունները և ընդդիմադիրները, իսկ իրականում նրանք բոլորն էլ հանդուրժում են Արցախի հետ ամոթալի ռոումինգային կապն ու սակագները: 1989 թ․-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը (ընտրվել էր նույն թվականի օգոստոսի 16-ին) համատեղ որոշմամբ հռչակել են Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Սա ամենալեգիտիմ, ամենակարևոր ու բոլոր երեք Ռեժիմների կողմից միտումնավոր անտեսված իրավապես շատ մեծ ուժ ունեցող որոշումն է և միջազգային ստանդարտով ամենաընդունված փաստաթուղթը: Հետագայում ընտրված տարանջատողական քաղաքականությունը` իբր թե Արցախին անկախացնելու միջոցով միջազգային ճանաչում ձեռք բերելու համար, բացի դիվանագիտական պարտություններից, առայժմ ոչ մի լավ բանի չի հանգեցրել: Արցախում գործող ռոումինգը բաժանողական քաղաքականության ամենավառ օրինակն է և դրա դեմ պետք է պայքարել անհապաղ»: