Այգեկ համայնքի դպրոցում բացվել է «Նաիրի» ինժեներական լաբորատորիան (լուսանկարներ)

DSC_0060Արմավիրի մարզի Այգեկ համայնքի դպրոցում բացվեց «Նաիրի» ինժեներական լաբորատորիան, որտեղ տեղի հարակից համայնքների երիտասարդներն ու դպրոցականները հնարավորություն կստանան իրագործել իրենց ինժեներական մտահղացումները, կատարելագործել հմտություններն ու ձեռք բերել նոր գիտելիքներ:

Այգեկի միջնակարգ դպրոցում 2013 թվականից արդեն գործում է ռոբոտաշինական խմբակ, որի մասնակիցները հաջողությամբ իրականացնում են ռոբոտաշինական ծրագրեր և լուրջ արդյունքներ են գրանցել տարբեր ստուգատեսներում ու մրցույթներում: Այն ինժեներական մտածողություն և հակումներ ունեցող երեխաների ի հայտ բերման և ապագա մասնագիտական կողմնորոշման յուրատեսակ միջավայր է դարձել: «Նաիրի» լաբորատորիայի հիմնումը դպրոցականներին նոր հանարավորություններ կտա ժամանակակից ինժեներական հմտությունների ձեռք բերման համար:

«Նաիրի» համընկերությունը ստեղծվել է հայաստանյան տեխնոլոգիական մի քանի ընկերությունների գործընկերությամբ՝ հիմք դնելով Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական նոր հարթակի: Այն կրություն և բիզնես համագործացության հաջող օրինակ է և ուղղված է կրթելու ժամանակակից տեխնոլոգիական հմուտ աշխատուժ, որը բավարարում է աշխատանքային շուկայի ներկա պահանջներին, պատրաստ առաջարկելու արդյունաբերության մեջ առկա խնդիրների լուծումներ։

«Մեր ծրագրերը հիմնված են գործնական առաջադրանքների վրա և խթանում են ստեղծագործ մտածելակերպը՝ աշակերտներին դեռ վաղ տարիքից սովորեցնելով թիմային աշխատանքին և համագործակցությանը։ Դրանք կառուցված են ուսուցման առաջատար մեթոդաբանության և գործիքների վրա և երեխաներին հնարավորություն են տալիս յուրացնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքները, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքները»,- նշել է Ինստիգեյթ ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

Այգեկի «Նաիրի» լաբորատորիայի տեղադրմանը հովանավորել է Մենթոր Գրաֆիկս ընկերությունը, որ մեծ նշանակություն է տալիս տեխնոլոգիական կրթության զարգացմանը և պարբերաբար իրագործում է բազմաթիվ կրթական և գիտահետազոտական ծրագրեր:

«Մենք կարևորում ենք դպրոցականների շրջանում նախնական ինժեներական հմտությունների դասավանդումը, քանի որ դրանով աշակերտներին ճիշտ մասնագիտական կողմնորոշման հնարավորություն է տրվում: Միաժամանակ սա նպաստում է համալսարանների տեխնոլոգիական ֆակուլտետների վաղվա ուսանողների նախնական մասնագիտական գիտելիքների բարձր մակարդակի ձևավորմանը»,-ասել է Մենթոր Գրաֆիկս ընկերության տնօրեն Իրինա Դումանյանը:

Դպրոցականների շրջանում տեխնոլոգիական մտածողության զարգացման, ինժեներական սկզբնական գիտելիքների մատուցման և հետագա մասնագիտական կողմնորոշման նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնել է Հայաստանի հանրակրթական բոլոր հաստատություններում ճարտարագիտական լաբորատորիաների ներդրման ծրագրիրը: Դրա շրջանակներում մայրաքաղաքում և մարզերում արդեն գործում են շուրջ 60 ռբոտաշինական խմբակներ, որոնցից 5-ը կահավորված են «Նաիրի» լաբորատորիաներով: Մինչև 2018թ. վերջ լաբորատորիաները կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում:

«Մեր ռազմավարության շրջանակում ներկայումս իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են դպրոցականների մոտ մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը և տեխնոլոգիական կրթության արմատավորմանը: Արդեն Մանկավարժական համալսարանում բացվել է նմանատիպ լաբորատորիա և դպրոցներում «Նաիրի» լաբորատորիաների առակայությունը դպրոց- բուհ արդյունավետ կապի և համագործակցության լուրջ երաշխիք է»,-նշել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: