Արձագանքելով համաշխարհային սրընթաց օնլայն և մոբայլ զարգացումներին՝ Հայաստանում ևս բազմաթիվ ծառայություններ արագ անցում են կատարում այդ հարթակներ: Այսպես, այսօր համարյա բոլոր բիզնեսներն ունեն իրենց կայքերը, և շատերն արդեն սկսել են հիմնական գործառույթները /առքուվաճառք, տեղեկությունների տրամադրում, գովազդ, և այլն/ նույնպես կատարել օնլայն և մոբայլ հարթակներում: Այս միտման բանական արդյունքն է հանդիսանում 4car.am՝ Հայաստանի ամենամեծ վարորդական սոցիալական կայքը:
4car.am-ը ստեղծվել է 2012թ.-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի երիտասարդ մասնագետների կողմից՝ Նիկիտա Մոբայլ ընկերության աջակցությամբ: Հարթակի հեղինակները, մշտապես խնդիրներ ունենալով կապված իրենց ճանապարհատրանսպորտային խախտումների ծանուցումները ստանալու և մեքենայի համար տարբեր ծառայություններ գտնելու հետ, պարզապես որոշեցին ստեղծել կայք, ուր բոլոր վարորդները կարող են գրանցվել, ստանալ մոբայլ ծանուցումներ խախտումների մասին՝ խուսափելով դրանց կուտակումներից ու տուգանքներից, և տարբեր տեղեկություններ ու խորհուրդներ փոխանակել: «Մենք մտածեցինք, որ եթե ստեղծենք կայք, որը մեզ օգնում է լուծել մեր խնդիրները, ապա այն նույնքան օգտակար կլինի նաև մեքենա ունեցող այլ մարդկանց համար, և կարող է հաջողված ծրագիր դառնալ»,- ասում է 4car.am ծրագրի ղեկավար Լևոն Յեղյանը:
Գործարկումից ընդամենը երկու տարի անց 4car.am-ը ոչ միայն լիարժեք հասել է իր նախնական նպատակներին, այլև դարձել Հայաստանի ամենամեծ և ամենարագ աճող կայքը, որում արդեն գրանցված են մոտ 50.000 վարորդներ, և ամեն օր հարյուրավոր նորերն են գրանցվում: Ստեղծման սկզբնական շրջանում հարթակն ընդամենը շփման օղակ էր վարորդների միջև: Օրինակ` այլ անձի ավտոտնակի մուտքը փակած մեքենայի վարորդին ժամերով սպասելու փոխարեն, կարելի է պարզապես բջջային հաղորդագրություն ուղարկել այդ մեքենայի պետհամարանիշով, և վարորդն անմիջապես կստանա ձեր «Խնդրում եմ մեքենան այլ տեղ կայանել» բջջային հաղորդագրությունը, իհարկե, եթե երկու վարորդներն էլ գրանցված են 4car.am-ում:
«Սակայն այդքանով բավարարվել չէր կարելի, պետք էր ընդլայնել ծառայությունները»,- նշում է հարթակի տեխնիկական ղեկավար Շավարշ Հունանյանը: «Բարեբախտաբար, թե՛ պետական մարմինները՝ ճանապարհային ոստիկանությունը, քաղաքապետարանը, թե՛ մասնավոր ընկերությունները՝ բջջային օպերատորները, դիլերները և այլն, ոգևորությամբ արձագանքեցին համագործակցության մեր առաջարկին` հստակ հասկանալով այն առավելությունները և հարմարավետությունը, որը կայքն առաջարկում է վարորդական հանրությանը տեղեկություններ և ծառայություններ տրամադրելու հարցում»:
Այսօր արդեն հարթակն իր ծառայությունների շրջանակն անհամեմատ մեծացրել է` առաջարկելով այնպիսի անհրաժեշտ ծառայություններ, ինչպես բջջային հեռախոսով և օնլայն երթևեկության խախտումների ծանուցումը, կայանատեղիների գնումը, օնլայն ընդարձակ ավտոշուկա, ուր անհատները և դիլերները վաճառում են հազարավոր նոր և օգտագործված ավտոմեքենաներ, ավտոդպրոց՝ թեստերով և վարորդական խաղերով, երթևեկությանն առնչվող օրենքներն ու ակտերը, և այլն: Մշտապես աշխատանքներ են տարվում նոր ծառայությունների ավելացման ուղղությամբ:
Ինչպես նշում է ծրագրի ղեկավար Լևոն Յեղյանը, ամենամոտ ապագայում կայքի օգտատերերը կկարողանան օնլայն ստանալ և վճարել իրենց մեքենաների գույքահարկերը: Բացի այդ՝ առաջիկա ամսվա ընթացքում 4car.am-ը պաշտոնապես կմիանա Carfax համակարգին, որի միջոցով ավտոգնորդները կկարողանան ստուգել գնվող մեքենայի պատմությունը: Ներկայումս նաև աշխատանքներ են տարվում Փարքինգ Սիթի Սերվիս ընկերության հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ, որի արդյունքում օգտատերերը կկարողանան օնլայն և մոբայլ ստանալ կայանատեղիների խախտումներն ու վճարել դրանք։ Ըստ Յեղյանի՝ նման ծանուցումները, չնայած դրանք պաշտոնական չեն համարվում և չեն փոխարինում թղթային ծանուցումներին, սակայն հնարավորություն են տալիս շատ ավելի շուտ իմանալ խախտումների մասին և խուսափել ավելորդ կուտակումներից ու տուգանքներից:
Նույն կարծիքին են նաև կայքի օգտատերերը: Նրանցից շատերը նշում են, որ կայքի շնորհիվ կարողանում են ավելի արագ իմանալ իրենց խախտումների մասին ու ժամանակին վճարել դրանք, և միայն կցանկանային, որպեսզի կայքում հնարավոր լիներ տեսնել ծանուցումներն ըստ տարիների: Մշտապես իր օգտատերերի ձայնին հետևելու սկզբունքին հավատարիմ՝ 4car.am-ի աշխատախումբը շուտով ձեռնամուխ կլինի նաև այդ և այլ ֆունկցիաների կատարմանը:
Ապագայում նախատեսվում է գործարկել նաև մի շարք այլ ծառայություններ, ինչպիսիք են՝ ավտոմեքենայի գույքահարկի հարցում և վճարում օնլայն և բջջային հեռախոսով, ավտոմեքենայի կայանատեղիի խախտումների ծանուցում օնլայն և բջջային հեռախոսով, դրանց վճարում օնլայն և բջջային հեռախոսով, ավտոմեքենաների չվճարված խախտումների գծով տուգանքների ծանուցում օնլայն և բջջային հեռախոսով, դրանց վճարում օնլայն և բջջային հեռախոսով և այլն: