Երևան քաղաքը Ձեռներեցության համաշխարհային համաժողովի (GEC) շրջանակում զարգացող քաղաքների միջև անցկացվող GEC Cities Challenge մրցույթում ընդգրկվել է լավագույն հնգյակի մեջ՝ անցնելով եզրափակիչ փուլ Բուենոս Այրես, Գենկ, Կանզաս Սիթի ու Մեդիսոն քաղաքների հետ միասին։ Հայաստանում Համաշխարհային ձեռներեցության շաբաթի կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը, ով պատրաստել է Երևանի թեկնածության փաթեթն վերոնշյալ մրցույթում մասնակցելու համար, պատասխանեց ittrend.am-ին հետաքրքրող մի քանի հարցերին։
-Ի՞նչ դեր է խաղացել հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացումը GEC Cities Challenge մրցույթում:
— Մրցույթը դիտարկել է հավակնող քաղաքների ձեռներեցության էկոհամակարգը, և Երևանը՝ որպես հնագույն ժամանակներից բնակեցված քաղաք, անշուշտ արձանագրել է պատմական հաջողություններ թե՛ առևտրում, թե՛ արվեստներում և արհեստներում, և այսօր էլ մենք շարունակում ենք հիանալ մեր քաղաքում գործող և ստեղծող ձեռներեցներով ամենատարբեր ոլորտներում: Հիանում ենք նաև նրանց պարտություններով, պիտի համոզված լինենք, որ դրա արդյունքում նոր բան կսովորեն, հաջորդ նախաձեռնությունը ավելի հաջողված կլինի:
Անշուշտ, ՏՏ ոլորտը իր առանձնահատկություններն ունի, այստեղ շատ հաճախ գործ ունենք համաշխարհային շուկայի հետ, և փակ սահմանները, ձեռներեցի և հաճախորդի ֆիզիկական գտնվելու վայրերը այլևս դեր չեն խաղում: Երևանը դեռ 90-ականների կեսերից սկսեց հայտնվել ՏՏ աութսորսի քարտեզի վրա, երբ խոշոր արտասահմանյան ընկերությունները մեկը մյուսի հետևից սկսեցին համագործակցել տեղական ծրագրավորողների և հետազոտողների հետ՝ մշակման և կոդավորման պատվերներ տալով, ապա հիմնեցին հենց իրենց իսկ R&D գրասենյակները: Կարևոր է հասկանալ, որ 90-ականներին Հայաստանում այսպես թե այնպես տեղական ՏՏ շուկա գրեթե չկար: Մյուս կողմից, Երևանում կային դեռ խորհրդային դարաշրջանում լավ կրթություն ու բարձր որակավորում ստացած ՏՏ մասնագետներ, և հենց նրանք ապահովեցին մեր մրցունակության շարունակելիությունը և աճը՝ փոխանցելով հիմնական գիտելիքները նոր սերնդին:
Այսօր մենք տեսնում ենք, որ Երևանը, թեև շարունակելով ամրապնդել իր դիրքերը աութսորսի շուկայում, մտնում է հաջորդ տրամաբանական փուլը և հայտնվում է ինքնուրույն մշակումների ու ամբողջական պրոդուկտների արտահանող էկոհամակարգերի քարտեզի վրա: Շատերն արդեն տեղյակ են PicsArt-ի նվաճումների մասին, վերջերս App Store-ը ցնցեց Shadowmatic-ը, աշխարհի ամենահեղինակավոր Inc. ամսագիրը գրեց Teamable-ի մասին: Այսպես կարող եմ թվարկել մի քանի տասնյակ երևանյան ընկերություններ, որոնք թողարկում են մոբայլ խաղեր, թեմփլեյթներ, այլ նորարական արտադրանքներ՝ նախատեսված համաշխարհային շուկայի համար: Համոզված եմ, որ այս ամենը կարևորագուն դեր է խաղացել ժյուրիի որոշման համար, քանի որ Երևանի թեկնածության փաթեթը ինքս եմ պատրաստել, և նյութի մեծ մասը հենց ՏՏ ոլորտում գրանցած նվաճումների մասին էր:
-Հայաստանյան ՏՏ ոլորտում ի՞նչ նոր հեռանկարներ կարող է բացել այս մրցույթում հաղթելը։
— Նախ ուզում եմ շեշտել, որ մրցույթի և համաժողովի կազմակերպիչները ամերիկյան Կաուֆման հիմնադրամն է (The Kauffman Foundation), Ձեռներեցության համաշխարհային ցանցը (Global Entrepreneurship Network) և իտալական ՄԵՏԱ Գրուփը (META Group)։ Այս կառույցները զբաղված են հենց տարբեր երկրների և քաղաքների ձեռներեցական էկոհամակարգերը ուսումնասիրելով, ոլորտի քաղաքականություններ մշակելով: Նրանց հեղինակությունը և կոմպետենտությունն այս հարցում կասկածից դուրս են: Միայն լավագույն հնգյակում տեղ գտնելն արդեն իսկ սևեռել է նրանց հրապարակումներին հետևողների ուշադրությունը: Միևնույն ժամանակ, այս հաղթանակը Երևանին ճանապարհ հարթեց դեպի Ձեռներեցության համաշխարհային վեհաժողով, որն այս տարի անցկացվելու է Միլանում:
Եվ հենց այստեղ՝ վեհաժողովի շրջանակում, ավելի քան 150 երկրներից ժամանած ձեռներեցների, ներդրողների, պետական մարմինների և տեղական համայնքների ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ուշադրության կիզակետում կլինի Երևանը՝ ևս 4 քաղաքների կողքին: Անշուշտ, պատշաճ կերպով ներկայանալու դեպքում մենք կկարողանանք ներգրավել թե՛ նոր ներդրողների, թե՛ միջազգային կառույցների նոր ծրագրեր: Ընդ որում՝ համոզված եմ՝ միջազգային կառույցների հետ համագործակցության նոր հորիզոն է բացվում. թեև դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու և դեռ աջակցության կարիք ունենք, բայց արդեն իսկ կարող ենք կիսվել մեր փորձով նրանց հետ՝ պատմելով թե՛ Սփյուռքի մասին, թե՛ հայրենադարձության, թե՛ կրթության գործոնների մասին:
-Ի՞նչ եք կարծում՝ մեր երկրում կա՞ն բոլոր անհրաժեշտ ենթակառույցները ՏՏ ոլորտի զարգացման համար։
— Հայաստանում արդեն գործում է Գրանատուս վենչուրային հիմնադրամը, կառավարությունը և միջազգային դոնորներն առաջարկում են ֆինանսավորման կամ համաֆինանսավորման տարբեր դրամաշնորհներ և այլ մեխանիզմներ, ունենք միջազգային ֆինանսական կառույցների հետ ակտիվորեն համագործակցող ֆինանսաբանկային համակարգ, այսինքն՝ վարկավորման գործիքներ, տարածում են գտնում համաֆինանսավորման հարթակները, Գյումրիում վերջերս բացվեց տեխնոլոգիական կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն ունի շատ հաջողված աքսելերացիայի ծրագիր, mLAB-ը լուրջ քայլեր է անում մոբայլ լուծումների զարգացման ուղղությամբ, ընդարձակվում է Սարյան/Թումանյան ինկուբատորը, հրաշալի ծրագրեր է իրականացնում Կոլբա Լաբը, ունենք ՈւտոպիանԼաբ աշխատավայրը, օրերս կբացվի երևանյան Իմփեքթ Հաբը (Impact Hub), հայաստանցի ձեռներեցների առջև բաց են բազմաթիվ միջազգային մրցույթները (ինքս կազմակերպել եմ և շարունակում եմ կազմակերպել մի քանիսը), կարող եմ թվարկել ևս մի շարք նախաձեռնություններ:
Առաջին հայացքից կան և՛ ֆինանսական ռեսուրսներ, և՛ գրասենյակային տարածքներ, և՛ մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել ՏՏ ոլորտն ընտրած ձեռներեցներին՝ փոխանցելով իրենց փորձը, սակայն, իմ կարծիքով, մեր էկոհամակարգում դեռ պակասում են մի քանի կարևոր օղակներ, որոնք կարող են լրացվել միջազգային համագործակցության շրջանակներում: Համոզված եմ, որ հասունացել է սաղմնային ֆոնդ (seed fund) ունենալու պահը, կա պակաս տարբեր բիզնես-մոդելներ ունեցող ևս մի քանի աքսելերատորի, լավ կլիներ ունենալ հրեշտակ ներդրողների ցանց (angel investor network) և խորացնել ծրագրավորման ու ձեռներեցության դասընթացները միջնակարգ և ավագ դպրոցներում՝ դարձնելով դրանք պարտադիր, և զուգահեռաբար անել նույնը բուհական համակարգում: Ես հենց հիմա ուսումնասիրում եմ մի քանի երկրների փորձը, մասնավորապես Բուլղարիայի միջնակարգ դպրոցների փորձը, և գալիս եմ այն եզրակացության, որ նրանց մոտեցումները կարող են լավ հիմք հանդիսանալ մեզ համար: Մեծ ակնկալիքներ ունեմ վեհաժողովից,և համոզված եմ, որ պատշաճ կերպով ներկայանալու դեպքում կկարողանանք զարգազնել ՏՏ ոլորտը և ձեռներեցական էկոհամակարգը: