Մեկնարկեց 5-րդ ArmNet-ը

armnetԱյսօր մեկնարկեց հինգերորդ ամենամյա «ArmNet» նախագիծը։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա վեբկայքերի և բջջային հավելվածների համահայկական «ArmNet Awards 2015» մրցանակաբաշխությունը, որը կոչված է գնահատելու ոլորտի տարվա ձեռքբերումներն ու տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, բջջային տեխնոլոգիաների զարգացումները, բացի այդ՝ կանցկացվեն համացանցին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված համաժողով ու մի շարք սեմինարներ, որոնց մասնակից կդառնան այս ոլորտում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«ArmNet Awards 2015» մրցույթի մասնակիցները կմրցեն «Նորարարություն», «Լավագույն բովանդակություն», «Դիզայն և հարմարավետություն» և «Հասարակական ազդեցություն» անվանակարգերում, կտրամադրվեն գլխավոր մրցանակներ Լավագույն բջջային հավելվածի և Լավագույն վեբկայքի համար: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել մինչև մարտի 26-ը՝ ժամը 18:00-ը: Մրցույթին մասնակցության և գրանցման մանրամասները հասանելի են www.armnet.am կայքում:

«ArmNet Awards 2015» մրցույթի ժյուրին կուսումնասիրի և կգնահատի բոլոր առաջադրված նախագծերը՝ մարտի 30-ին հրապարակելով յուրաքանչյուր անվանակարգում հավակնորդների անունները: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի 4-ին կայանալիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում:

Այս տարի ArmNet 2015 միջոցառումների մասը կազմող համաժողովը կկրի «2015 ինտերնետի և բջջային հավելվածների միտումները» խորագիրը: Համաժողովը կհյուրընկալի ՏՏ ոլորտի մասնագետների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից,այդ թվում՝ MediaRu ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Նոսովին, Pediatr 24/7 բջջային հավելվածի ղեկավար Դենիս Յուդչցին, ինչպես նաև FrooZoo և Getmyway նախագծերի ներկայացուցիչներին: