Որքան է կազմել 2014թ․ ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում

2014թ․ ՏՏ ոլորտի շրջանառությունը, որը կազմված է ծրագրային ապահովման և ինտերնետ ծառայությունների ոլորտներից, հասել է 474.9 միլիոն դրամ, ինչը համապատասխանում է 25.2% աճի 2013-ի համեմատ: Այս մասին տեղեկանում ենք վերջերս հրապարակված Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտությունից, որն անցկացվում է 2002-ից ի վեր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից։

Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում մրցակցային բարձր առավելություններ ունեցող տեխնիկական աշխատուժի շնորհիվ ՏՀՏ խոշոր ընկերությունների և վերազգային կազմակերպությունների համար նպաստավոր ու շահավետ ներդրումային պայմաններ են ապահովվում: Հաշվարկվել է, որ այս մրցունակ մասնագետները տարեկան մինչև 46,000 ԱՄՆ դոլարի արտադրողականություն են ապահովում իրենց ընկերությունների համար:

Ներկայումս Հայաստանում գործում են 400 ՏՀՏ ընկերություններ, որոնք միջինում ապահովում են տարեկան 20% աճ: Այս ընկերությունների մեծամասնությունը տեղակայված է Երևանում (գրեթե 90%-ը), այնուամենայնիվ, մարզային զարգացման ծրագրերի շրջանակում կրթական և գործարար ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ գործող ընկերությունների թիվը տարեցտարի աճում է ՀՀ այլ մարզերում, հատկպես Շիրակի և Լոռու մարզերում:

Միայն 2013 և 2014 թվականներին 34 նոր ընկերություններ են հիմնադրվել, որոնցում ստեղծվել են շուրջ 300 նոր աշխատատեղեր: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի ընթացքում մոտ 1100 նոր աշխատատեղեր են ստեղծվել: