2014 թվականին Հայաստանում գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է գրեթե 400-ի

Հայաստանի ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտը բավականին երիտասարդ է. ընկերությունների մեծ մասը` ավելի քան 80%-ը, հիմնադրվել է 2000-2014թթ.: Այս մասին վկայում է Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտությունը, որն ամեն տարի անցկացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։

Ծրագրավորման ոլորտի առաջին մասնավոր տեղական ձեռնարկությունը հիմնվել է 1987թ., այնուհետև հինգ տարվա ընթացքում Երևանում բացվել է արտասահմանյան ընկերության առաջին մասնաճյուղը: 1991-1997թթ. տեխնոլոգիական ոլորտն ապրել է բավականին ծանր անցումային շրջան, երբ տարածաշրջանային հակամարտությունները, անկումային տնտեսությունը և բարձրակարգ մասնագետների արտագաղթը զգալիորեն խոչընդոտել են տնտեսության ընդհանուր վերականգնումը: 1998թ. դրությամբ Հայաստանում գործում էին 35- 40 ծրագրավորող ընկերություններ և ինտերնետային կապի պրովայդերներ, որտեղ՝ ըստ տարբեր հաշվարկների, աշխատում էին շուրջ 1000 մասնագետներ: 1998թ. ոլորտում աշխատող մասնագետների թիվը էապես ցածր էր 1987թ. գրանցած ցուցանիշից, երբ միայն Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն ուներ մինչև 10000 աշխատակից: Վերջին տասնմեկ տարիների ընթացքում ոլորտում գրանցվել է թե՛ տեղական նորաստեղծ ձեռնարկությունների, թե՛ արտասահմանյան մասնաճյուղերի կտրուկ աճ:

2014 թվականին գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է գրեթե 400-ի, ինչը նշանակում է, որ մոտ 4% աճ է արձանագրվել նախորդ տարվա համեմատ: 2004-2014թթ. միջին տարեկան հաշվով հիմնվել է մոտ 25 ՏՀՏ ձեռնարկություն: Համեմատության համար նշենք, որ 1990- ականներին այդ ցուցանիշը եղել է տարեկան միայն 5-6 ընկերություն:

2008թ. գրանցվել է առավելագույն ցուցանիշը, երբ հիմնվել է շուրջ 30 նոր ընկերություն: Ստեղծված ընկերությունների քանակի այս ցուցանիշը դժվար է պահպանել, քանի որ առկա բարձրակարգ ծրագրավորողների, ճարտարագետների և ծրագրերի ղեկավարների քանակը երբեմն չի բավականացնում անգամ գործող ընկերություններին:

2010-2014թթ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախաձեռնվել էին մի շարք դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում բիզնես գաղափարների մրցույթների և նորարարության խթանմանը: Իրականացված միջոցառումների արդյունքում ՏՀՏ մասնագետներից և ուսանողներից ձևավորվել են թիմեր, որոնք աշխատում են ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտում նորարար պրոդուկտների ստեղծման ուղղությամբ: 2014թ-ին այդ թիմերից 16 նոր ընկերություններ են կազմավորվել: Պետության կողմից տրամադրվող օժանդակությունը կշարունակվի հատկացվել նաև հաջորդ տարի՝ Գյումրիում և Վանաձորում իրականացվելիք դրամաշնորհային ծրագրերի միջոցով, որոնց արդյունում ակնկալվում է, որ առնվազն 20 նոր ընկերություններ կձևավորվեն 2015 թվականին:

Հայաստանի ՏՀՏ ընկերությունների մոտ 51%-ը հիմնադրվել է 2007-2014թթ ժամանակահատվածում: Նշենք, որ 2013 և 2014 թվականներին հիմնադրվել են համապատասխանաբար 16 և 17 նոր ընկերություններ: Ոլորտում գործող ընկերությունները կայուն աճ են ապահովում երկրի տնտեսության համար, ինչի արդյունքում 2014թ-ին Հայաստանի ՏՀՏ ոլորտի շրջանառության աճը կազմել է 20% նախորդ տարվա համեմատ: