ՀՄՊՀ-ի ռոբոտաշինության խմբակն ունի եռաչափ տպիչ, որով պատրաստում է տարբեր իրեր (տեսանյութ, ֆոտոշարք)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել հանրապետության տարբեր դպրոցներում ու բուհերում գործող ռոբոտաշինության խմբակները, որոնք գործում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում։

2014-ի նոյեմբերին Հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվեց «Նաիրի» ինժեներական լաբորատորիան, որտեղ այժմ անցկացվում են բուհում դասավանդվող Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում և ռոբոտատեխնիկա, Դպրոցական ռոբոտաշինության հիմունքներ և Ծրագրային կառավարման հաստոցներ առարկաների գործնական լաբորատոր պարապմունքները։

Այստեղ պատրասվում են մասնագետներ, ովքեր Հայաստանի և Արցախի դպրոցներում կդասավանդեն ինժեներության և ռոբոտաշինության հիմունքներ, կվարեն արտադասարանական խմբակներ՝ «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում։ Ուսանողների և 57-րդ հենակետային դպրոցի աշակերտների խմբակները վարում է ՀՄՊՀ-ի Տեխնոլոգիական կրթության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Նունե Օրդյանը։

Խմբակի անդամները ուսումնասիրում են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ AutoDesk Inventor մեքենաշինական նախագծման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս դետալը որպես մարմին դիտարկել, սովորում են աշխատել Աղուէս և Կրիա ծրագրերով, որոնք MIT-ի (Massachusetts Institute of Technology) մշակած Scratch  և K-Turtle ծրագրավորման միջավայրերի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակներն են։

Խմբակի տրամադրության տակ է «Մենթոր Գրաֆիկս» ընկերության կողմից լաբորատորիային տրամադրված եռաչափ տպիչը, որն օգտագործվում է տարբեր առարկաներ պատրաստելու համար։ Տպիչը ունակ է նաև կրկնօրինակել իր մասերը, այսինքն՝ ստեղծել ևս մեկ նման տպիչ։ Սարքը կարողանում է տպել 18 սմ երկարությամբ և լայնությամբ, 10 սմ բարձրությամբ իրեր։ Թե ինչպես է աշխատում այն, կարող եք տեսնել այս տեսանյութում․

Նունե Օրդյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցականների խմբակը բաղկացած է մոտ 10 հոգուց, իսկ ուսանողների խումբն ավելի փոքր է՝ 6-7 հոգի։ «Խմբակների անդամներին այժմ ամենից շատ հետաքրքրում է եռաչափ տպիչով նոր ռոբոտներ պատրաստելը, քանի որ նրանք չեն բավարարվում արդեն պատրաստած՝ գծին հետևող, փախչող ռոբոտներով»,- նշեց Ն․Օրդյանը։