ՏՏ ոլորտի արտահանումների առավելագույն մասն ուղղվում է ԱՄՆ և Կանադա

2014թ. ՏՏ ոլորտի արտահանման ծավալները զգալիորեն աճել են՝ հասնելով 153.2 միլիոն ԱՄՆ դոլարի, ինչը կազմում է ծրագրային ապահովման և ծառայություններ ոլորտի (առանց ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունների) եկամտի 44%-ը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի անցկացրած Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտությունը ցույց է տալիս, որ արտահանման շուկայում շարունակում են գերիշխել օտարերկրյա ընկերությունները, որոնց բաժինը կազմում է 86%: Ծրագրային ապահովում և ծառայություններ ոլորտի խոշոր ձեռնարկությունները արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են, որոնք գրեթե ամբոջությամբ արտահանում են իրենց արտադրանքը: Բացի դրանից, շատ տեղական ընկերություններ նույնպես արտահանում են իրենց արտադրանքի և ծառայությունների զգալի մասը:

Հայկական ՏՏ ոլորտի կողմից գրեթե 153.2 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ արտադրանք և ծառայություններ են արտահանվում աշխարհի շատ երկրներ: ՏՏ ոլորտի ընկերությունների շուրջ 50%-ը արտահանում է սեփական արտադրանքն ու ծառայությունները, սակայն արտահանման տարբեր ծավալներով, որոշ ընկերությունների համար արտահանման ծավալները քիչ տոկոս են կազմում եկամտի մեջ, մինչդեռ այլ ընկերություններ ամբողջությամբ են (100%) արտահանում իրենց արտադրանքը:

Capture

Արտահանումների առավելագույն մասը` մոտ 78.6%-ը, ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 10.4%-ը` Եվրոպա, իսկ երրորդ տեղում Ռուսաստանը ու ԱՊՀ երկրներն են, որտեղ ուղղվում են արտահանումների 8.4%-ը: ԱՄՆ և Հյուսիսային Ամերիկա արտահանվող ծառայությունների մասնաբաժինը աճել է 8.6% 14%-ով, մինչդեռ Եվրոպա արտահանվող ծառայությունների մասնաբաժինը նվազել է 9.6%-ով 2014-ի ընթացքում: Այլ երկրների շարքում հայկական ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ է ներկայացնում ԱՄԷ-ն, որը հիմնականում արտապատվիրում է հարմարեցված ծրագրային ապահովման մշակման ծառայություններ:

Ընդհանուր առմամբ, արտահանման ծավալների աճը խոչընդոտող հիմնական գործոններն են միջազգային գործարար հանրության կողմից Հայաստանի և հայկական ՏՏ ոլորտի մասին ոչ լիարժեք իրազեկությունը, հիմնական ՏՏ շուկաներից հեռու գտնվելը, ինչպես նաև լեզվի արգելքները, որն չնայած սկսել է ավելի քիչ նանակություն ունենալ: