Արդեն հայտնի են AltCity UltraLight Startup հեքըթոնի հաղթողները

Մարտի 27-29-ը Երևանում անցկացվեց AltCity UltraLight Startup միջոցառումը, որի նպատակն էր աջակցել հայկական սկսնակ ընկերություններին սեփական ծրագրերը կամ խաղերը ստեղծելու գործում և ընձեռել փորձի փոխանակման հնարավորություն։ Միջոցառման համակազմակերպիչն է Fondation Alliance Armenienne հիմնադրամը, աջակիցներն են Start-It-Up Center-ը, Microsoft-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Microsoft ինովացիոն կենտրոնը, Ginosi Apartments-ը, Al Rifai-ն, Saryan/Tumanyan startup ինկուբատորը, TechTension-ը և App.am-ը:

Մարտի 29-ին Թումո կենտրոնում կայացավ 8 ժամանոց հեքըթոն, որի ընթացքում թիմերը մշակեցին խաղեր ու հավելվածներ և ներկայացրին դրանք ժյուրիի դատին:

Գլխավոր մրցանակը ստացավ Ancient Gods of Traffic թիմը, որը ներկայացրեց Travee հավելվածը՝ ստանալով նվերներ Мicrosoft-ից ու գումար կազմակերպիչների կողմից:

Երկրորդ տեղը գրավեց Cyclop Studio թիմը, որը ներկայացրեց Pacman հայտնի խաղի եռաչափ տարբերակը: Երրորդ տեղում Late Bloomers թիմն էր՝ իր Game Over կոչվող հավելվածով, որը նախատեսված է հարսանեկան արարողության կազմակերպման համար:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը նույնպես ստացան գումարի տեսքով մրցանակ կազմակերպիչների կողմից:

Fondation Alliance Armenienne հիմնադրամի խորհրդի անդամ Լորեն Դելիֆերը նշեց, որ հայ երիտասարդության պոտենցիալը դեռ նոր է բացահայտվելու, և Ultralight հեքըթոնը միայն սկիզբն է:

AltCity-ն լիբանանյան ընկերություն է, որի առաքելությունն է օգնել սկսնակ ձեռներեցներին հաջողության հասնել և իրականություն դարձնել իրենց նորարարական գաղափարները։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Լիբանանում, Միջին Արևելքում ու շուտով ընդլայնելու է իր աշխարհագրությունը՝ ներառելով Հայաստանը։

AltCity-ն աշխատում է տեղական, տարածաշրջանային ու միջազգային մի շարք խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են Beirut Digital District-ը, Middle East Venture Partners-ը, Cisco-ն, Mercy Corps-ը։