2014թ. ՏՏ ոլորտի ներքին շուկայի ծավալը մեծացել է 3.2%-ով

2014թ. ներքին շուկայի ծավալը հասել է մոտ 321.7 միլիոն ԱՄՆ դոլարի, կազմելով ոլորտի ընդհանուր ցուցանիշի 68%-ը, ինչը 3.2%-ով գերազանցում է 2013թ. գրանցված ներքին շուկայի մասնաբաժնի ցուցանիշը: Այս մասին տեղեկանում ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի անցկացրած Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտությունից։ Ընդհանուր առմամբ, ներքին շուկայում իրացման ծավալները 2010թ.-ից ի վեր աճել են ավելի քան 255%-ով, ինչը մեծապես պայմանավորված է ինտերնետային ծառայությունների ոլորտի զգալի աճով: Ծրագրային ապահովման սեգմենտի մասնաբաժինը ներքին շուկայում 74% է, իսկ ինտերնետ ծառայությունների սեգմենտի մասնաբաժինը կազմել է 26%` ապահովելով 125.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ շուկայի ընդհանուր եկամուտների մեջ: Ինտերնետ ծառայություններ մատուցող օտարերկրյա ընկերությունների մասնաբաժինը և ընդհանուր առմամբ ինտերնետային ծառայությունների շուկան զգալի մեծացել են հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհը հանելու, ինտերնետ կապի նոր խոշոր պրովայդերների շուկա մուտք գործելու և հեռահաղորդակցության ընկերությունների ձեռքբերման գործարքների արդյունքում:

Նախորդ տարվա համեմատ՝ 2014թ. ներքին շուկայում շրջանառության ծավալն ավելի մեծ է եղել, քան արտահանումների ծավալը: 2014թ.-ին արտահանումը կազմել է ընդհանուր շրջանառության 44%-ը, իսկ եկամուտների 56%-ը գոյացել են ներքին շուկայում: Ինչպես երևում է գծապատկերից, տեղական շուկայում շրջանառության ծավալները կրկնապատկվել են վերջին չորս տարվա ընթացքում: Պատճառը այլ բնագավառներում ՏՏ ոլորտի ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճն է: Ներքին շուկայում ծառայությունների պահանջարկի աճի միտում է նկատվում՝ թեև բավականին դանդաղ, ինչը պայմանավորված է որոշակի հանգամանքներով, որոնցից են ներքին շուկայի սահմանափակվածությունը, ցածր աշխատավարձերը, արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների ցածր պահանջարկը, ֆինանսական խոչընդոտները, ծրագրային ապահովման անօրինական օգտագործման մեծ ծավալները (հենությունը) և այլ գործոններ:

Տեղական շուկայում հարաբերականորեն ցածր պահանջարկը քիչ է խրախուսում հայկական ՏՀՏ ոլորտի ընկերություններին` մշակելու փաթեթային ծրագրաշարեր կամ առաջարկելու նոր և ավելի որակյալ ծառայություններ: Տեղական շուկայում վաճառվող ծրագրային փաթեթների մեծամասնությունը կազմում են խոշոր ձեռնարկությունների և բանկերի համար հաշվապահական ու ֆինանսական ծրագրերը: Մեծ պահանջարկ ունեցող այլ արտադրանքների ու ծառայությունների թվում են նաև ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորման ծրագրային լուծումները, էլեկտրոնային առևտուրը, վեբ ծրագրավորման ծառայությունները, առողջապահության համար օժանդակ ծրագրերն ու հեռակա ուսուցման ծրագրերը: