Որքա՞ն է հայկական ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը

Տեղական ընկերություններում կրտսեր տեխնիկական աշխատողի միջին աշխատավարձը տատանվում է 250-300 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ ավագ մասնագետների աշխատավարձը հասնում է 3000 ԱՄՆ դոլարի: Այս մասին տեղեկանում ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի անցկացրած Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտությունից։ Օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերություններում տեխնիկական մասնագետի աշխատավարձի չափը կազմում է 400-ից 3500 ԱՄՆ դոլար:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ տեխնիկական աշխատողների աշխատավարձի չափը պայմանավորվում է ոչ թե կրթական աստիճանով, այլ աշխատանքային փորձով։

Ընկերությունների բաշխումն ըստ նրանց աշխատակիցների թվի 2014 թվկանի համար էականորեն չի տարբերվում նախորդ տարվա ցուցանիշներից: Ինչպես և 2013թ.-ին, ոլորտի ընկերություններում զբաղված մասնագետների թիվը զգալիորեն տատանվում է: Ընկերությունների ընդամենը 5%-ում են աշխատում 100 և ավելի մասնագետներ, ինչը կազմում է ամբողջ աշխատուժի 47%-ը, իսկ 78%-ում` 25-ից պակաս մասնագետներ, ինչը կազմում է ամբողջ աշխատուժի 30%-ը:

Այսպիսով, ներքևում բերված գծապատկերից երևում է, որ Հայաստանում ՏՀՏ ընկերությունների շարքում՝ ըստ աշխատուժի, գերակշռում են փոքր ձեռնարկությունները, ինչը հանդիսանում է ոլորտի արտադրողականության վրա բացասաբար ազդող գործոններից մեկը:

Capture

Օտարերկրյա մասնաճյուղերի ռազմավարության շրջանակներում նախատեսվում է աշխատակիցների մշտական վերապատրաստում ինչպես Հայաստանում, այնպես էլ գլխամասային ընկերություններում: Ավելին, մասնաճյուղերում հիմնադրվել են ռեսուրսների հատուկ կենտրոններ ու գրադարաններ, որտեղ կատարելագործվում և վերապատրաստվում են աշխատակիցները: Արտասահմանյան մի շարք ընկերությունների աշխատակիցներ հնարավորություն ունեն դառնալու գործատու ընկերության բաժնետերեր և աշխատավարձից բացի ստանալու այլ տեսակի խրախուսումներ: Վերջին երեք տարիների ընթացքում նման նախաձեռնություններ հանդիպում են նաև տեղական ընկերություններում: