Ապրիլի 2-ին՝ ժամը 9:30-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի կունենա ռուսաստանյան «ՏՏ գագաթնաժողով 2015»-ի բացումը, որին ներկա կլինեն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ռուսաստանի համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի (ԱՊԿԻՏ) ներկայացուցիչները, Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպան Իվան Վալինկինը:
Համաժողովը Ռուսաստանի ՏՏ ոլորտի հիմնական միջոցառումներից մեկն է, որն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ սկսած 2003 թվականից: Միջոցառումը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Այն կազմակերպվել է ՏՏ ոլորտին հուզող մի շարք հարցերի, ինչպես նաև հայ-ռուսական բիզնես համագործակցության քննարկման նպատակով:
Համաժողովի ընթացքում կամփոփվեն ՌԴ նախորդ տարվա ՏՏ ոլորտի արդյունքները, կքննարկվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին օժանդակելու հայկական և ռուսական քայլերի արդյունավետությունը, ՏՏ բիզնեսի հնարավորությունները նոր պայմաններում և փոխըմբռնման հեռանկարները:
Համաժողովին մասնակցում են ավելի քան 100 ռուսական հեղինակավոր ընկերություններ («1C», «Yandex», «Huawei», «Samsung», «Dell», «Acer», «Siemens», «IBM», «Fujitsu», «GfK», ինչպես նաև՝ Նիկոլայ Ֆեդուլովը «СК Пресс» հրատարակչությունից, Մատվեյ Գանապոլսկին «Эхо Москвы» ռադիոկայանից և այլն):