ՀՀ կառավարությունը հավանություն է տվել առաջին դասարանի աշակերտներին համակարգիչ տրամադրելու «Մեկ երեխա՝ մեկ համակարգիչ» փուլային ծրագրին: Որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվել է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով: Տեղական արտադրությունը խթանելու նպատակով աշակերտներին անհատույց տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ: Առաջին փուլում 2015թ. սեպտեմբերից 2019թ. օգոստոս ամիսը, ծրագիրը փորձնական կիրականացվի մեկ՝ Վայոց ձորի մարզում: Երկրորդ փուլում ծրագիրը կընդլայնվի և 2019թ. սեպտեմբերից ամեն մի ուսումնական տարում կներառվի մեկ կամ երկու մարզ: Երրորդ փուլում՝ 2025թ. սեպտեմբերից, ծրագիրը կսկսի իրագործվել Երևան քաղաքում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ ծրագիրը մեծ հետաքրքրություն է հարուցել հանրության շրջանում, դրան անդրադարձել է մամուլը, ուստի իրագործումը նույնպես պետք է շատ թափանցիկ լինի:
Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշումը, որի իրագործումը հնարավորություն կտա Վայոց ձորի մարզի Խնձորուտ և Նոր Ազնաբերդ սահմանամերձ համայնքներում կառուցել ոռոգման ինքնահոս ջրագծեր և լուծել ավելի քան 84 հեկտար հողերի ոռոգման հարցը: Անհրաժեշտ տրամագծի խողովակները վերցվելու են 1982-1984թթ. կառուցված, ներկայումս չշահագործվող պոմպակայանի խողովակաշարերից: Այս առնչությամբ վարչապետն հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Վայոց ձորի մարզպետին և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ճիշտ հաշվարկ անել և հետևել, որպեսզի խողովակները տարբեր պատճառներով պակասելու դեպքում դրա պատասխանատվությունը չթողնվի մրցույթի հաղթող ընկերության վրա և պետբյուջեն չտուժի:
Կառավարության որոշմամբ երկրի հանրակացարաններում երկար տարիներ բնակվողների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նրանցից հինգ անձ նվեր է ստացել իր զբաղեցրած տարածքները: