Menu.am-ը գործարկել է բջջային հավելված (հարցազրույց)

11095114_10205554190527191_2077507556_n
Վահան Քերոբյան

Վերջերս թողարկվել է Menu.am միացյալ պատվերների համակարգի Android-հավելվածը: Այս առիթով զրուցեցինք Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանի հետ՝ պարզելու հավելվածի մասին մանրամասներն ու ընկերության հետագա անելիքները։

-Ինչի՞ց եկաք այն գաղափարին, որ menu.am-ին անհրաժեշտ է հավելված։ Ի՞նչ տոկոս է կազմում ձեր կայքի այցելությունների մոբայլ տրաֆիկը, վերլուծե՞լ եք արդյոք այդ տվյալները հավելված ստեղծելուց առաջ։

-Շնորհակալ եմ ձեր կողմից արժանացած ուշադրության համար: Մենք վաղուց ենք արդեն աշխատում բջջային հավելված ստեղծելու ուղղությամբ և այդ որոշմանն հանգելու համար բավական է միայն ունենալ Հայաստանի ինտերնետ տրաֆիկի բաղդատումը, համաձայն որի՝ ընդհանուր տրաֆիկի ավելի քան 50 տոկոսն արդեն բաժին է ընկնում բջջային տրաֆիկին: Ինչ վերաբերում է մեր կայքի այցելություններին, ապա համակարգիչներից օգտվողները դեռևս ավելի շատ են, բայց դա օրինաչափ է, եթե հաշվի առնենք, որ բջջային հեռախոսների համար կայքը հարմարեցվել է միայն վերջերս:

menu.am

–Առայժմ հասանելի է հավելվածի միայն Android-տարբերակը, այն էլ Beta մակնշմամբ։ Ե՞րբ եք նախատեսում թողարկել հավելվածի վերջնական տարբերակը և պատրաստվո՞ւմ եք արդյոք թողարկել iOS և Windows տարբերակները, եթե այո, ապա ե՞րբ։

-Մենք հիմա տեստային ռեժիմում ենք աշխատում, հղկում ենք մանր ու մեծ թերությունները, փորձում ենք այն առավելագույնս հարմարեցնել հաճախորդներին՝ օգտագործման համար: Մեր կարծիքով՝ դա ամենակարևոր խնդիրներից մեկն է, որ յուրաքանչյուր հավելված պետք է լուծի. այն պետք է հնարավորինս հեշտ և պարզ օգտագործելի լինի: Կարծում եմ, որ մեկ ամսից մենք կունենանք լրիվ աշխատող տարբերակներ երեք հիմնական բջջային օպերացիոն համակարգերի համար:

-Կխնդրեինք մի երկու խոսք ասեիք հավելվածի հեղինակների մասին, ո՞վքեր են, ի՞նչ գործեր ունեն և ի՞նչպես է կայացվել այս գործը նրանց հանձնանարելու որոշումը:

-Մեր կայքը գործարկելուց ի վեր համագործակցում ենք Ստուդիո-Ուան ընկերության հետ, ովքեր մեծ փորձ ունեն կայքերի շուկայում: Տրամաբանական էր, որ հենց իրենց հետ էլ ձեռնարկեցինք հավելվածի ստեղծումը, քանի որ փոխկապակցվածությունը բազաների և կայքի այլ կոմպոնենտների հետ նույնն է, ինչ կայքի արտաքին էջերինը: Պետք է ասեմ, որ տեխնիկական առաջադրանքն ամբողջությամբ պատրաստվել է մեր կողմից՝ դա առավելագույնս հեշտացնում է ծրագրավորողների աշխատանքն ու արդյունքը հնարավորինս մոտ է ստացվում սկզբնական մտահղացմանը: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին չզլանալ և չծուլանալ, ժամանակ տրամադրել և մանրամասն տեխնիկական առաջադրանք պատրաստել մինչև բուն ծրագրավորմանն անցնելը, քանի որ դա միակ ձևն է ստանալ արդյունք, որին սպասում ես:

-Ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնել հավելվածը ստեղծելիս, որն ի սկզբանե չէիք նախատեսել։

-Նախորդ հարցին պատասխանելիս նշեցի, որ մինչև ծրագրավորմանը ձեռնամուխ լինելը մեծ տնային աշխատանք էինք կատարել տեխնիկական պատշաճ առաջադրանք պատրաստելու վրա: Հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որևէ անակնկալի չարժանացանք: Մեծ կապ ունի նաև ծրագրավորողների որակյալ լինելը, բայց, կրկնում եմ, տեխնիկական առաջադրանքն գործընթացի հաջող և ժամանակին իրականացնելու ամենակարևոր գրավականն է:

-Ապագայում ի՞նչ նոր հնարավորություններով կհամալրվի հավելվածը։

-Շատ շուտով կավելացնենք օնլայն վճարումների հատվածը, իսկ մոտ ապագայում էական փոփոխություններ են լինելու նաև բիզնես-մոդելի մեջ, որպեսզի ծառայությունն հասանելի լինի նաև Հայաստանի այլ քաղաքների բնակիչներին: Կլինեն նաև շատ այլ նորություններ, տեղում կանգնելու ժամանակ չկա:

-Հավելվածում կա՞ արդյոք պատվերի դիմաց առցանց վճարման հնարավորություն։

-Դեռ ոչ, բայց շատ շուտով: Կարծում եմ, որ հիմա մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ բանկերի կողմից էլ-խանութներին օնլայն վճարումների հարթակի ծառայությունների մատուցումը պետք է լինի նույնքան հասանելի, որքան նրանց (բանկերի) կողմից, ասենք, POS-տերմինալների տրամադրումը:

-Մի քանի հարց էլ հենց Menu.am-ի մասին: Օրական միջինում քանի՞ օգտագործող ունի menu.am կայքը։

-Կայք օրական այցելում են 10-15 հազար օգտատեր, սակայն նրանց միայն շատ փոքր մասն է պատվիրում: Դեռևս հեռախոսով ստացվող պատվերները գերակշռում են, սակայն մենք հույս ունենք իրավիճակը շրջել մոտ ապագայում, առաջին հերթին հենց բջջային հավելվածի օգնությամբ:

-Վրաստանում էլ ունեք մասնաճյուղ: Ինչպե՞ս է Հայաստանում փորձված մոդելն աշխատում Վրաստանում։ Ի՞նչ առանձնահատկություններ կան հայկական ու վրացական ռեստորանային բիզնեսի շուկայում: Հավելվածը տեղայնացվելո՞ւ է Վրաստանի համար։

-Այո, արդեն վեց ամիս է, ինչ աշխատում ենք Վրաստանում: Բիզնես մոդելի էական տեղայնացումների կարիք եղավ՝ հաշվի առնելով վրացիների ավելի ուրախ, բայց ավելի քիչ աշխատասեր լինելը: Այժմ ամեն ինչ շատ թե քիչ հարթ է ընթանում: Վրաստանում աշխատել ցանկացող իմ գործընկերներին և ձեր ընթերցողներին էլ խորհուրդ կտամ ի նկատի ունենալ, որ այն կարծիքը, որ կարելի է գործը «ռելսերի վրա դնել» և թողնել տեղացի գործընկերոջ կառավարմանը, դատապարտված է ձախողման: Հավելվածն, իհարկե, կունենա իր վրացական տարբերակը ևս: Կարծում եմ, որ այն Վրաստանում հաջողություն կունենա:

-Ի՞նչ պլաններ ունեք ապագայում, ի՞նչ հարցեր կային, որ կցանկանայիք, որ տայինք, բայց չտվեցինք։

-Առաջիկայում սկսում ենք Բելառուսում՝ menu.by: Շնորհակալություն հարցազրույցի համար:

Լուսանկարի աղբյուրը՝ Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան էջից