«Յուքոմ» ընկերությունը «Իդրամ» վճարային համակարգի հետ համատեղ թողարկել են U!pay վճարային համակարգը, որի միջոցով կարելի է մեկ վայրում կատարել բոլոր վճարումները: Այսինքն` յուրաքանչյուր քաղաքացի, անկախ «Յուքոմի» բաժանորդ հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքից, այցելելով «Յուքոմ» ընկերության սպասարկման կենտրոն, կարող է կատարել կոմունալ և այլ տեսակի վճարումներ միևնույն վայրից, միևնույն համակարգով:
«Արդեն մի քանի ամիս է U!Pay վճարային համակարգը ներդրված է մեր երկու սպասարկման կենտրոններում: Այսօրվանից համակարգը գործում է «Յուքոմի» ևս 5 սպասարկման սրահներում: Առաջիկայում նախատեսված է ընդլայնել աշխարհագրությունն ու ծառայությունը հասանելի դարձնել ավելի մեծ թվով մասնաճյուղերում, այդ թվում՝ մեր մարզային կենտրոններում», — իր խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
U!pay վճարային համակարգի միջոցով հնարավոր է կատարել հետևյալ վճարումները՝
- Կոմունալ վճարումներ
- Վարկերի մարում
- Բջջային հեռախոսի լիցքավորում
- Հարկերի, տուրքերի վճարումներ
- ՃՈ տուգանքների վճարում
- Ավտոկայանման համար վճարում
- Սոցցանցերի հաշիվների լիցքավորում
- ԱՊՊԱ պայմանագրի կնքում (վերակնքում)
- ԻԴՐԱՄ հաշվի լիցքավորում
- Բուքմեյքերական հաշիվների լիցքավորում
- Դրամական փոխանցումներ
- Էլեկտրոնային փողի փոխարկում
«Իդրամ» վճարային համակարգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն իր ելույթում ընդգծեց, որ «Իդրամ» ընկերությունը մշտապես կարևորել է հաճախորդների սպասարկման հարմարավետությունը, մասնավորապես՝ բոլոր վճարումները մեկ վայում և առանց հերթերում սպասելու իրականացնելու հնարավորությունը: «Այդ չափանիշները մենք փորձում ենք ապահովել մեր շուրջ 15 մասնաճյուղերում. այսօր դրանց միանում է նաև U!Pay համակարգը», — նշեց Սերգեյ Առաքելյանը:
U!pay վճարային համակարգը այժմ գործում է «Յուքոմ» ընկերության «Հյուսիսային պողոտա», «Ամիրյան», «Արաբկիր 1», «Նոր-Նորք», «Վանաձոր», «Էրեբունի» և «Մալաթիա-Սեբաստիա» սպասարկման կենտրոններում, սակայն շուտով համակարգը կգործի նաև այլ սպասարկման կենտրոններում: