The Pirate Bay հայտնի տորենտ-կայքը տեղափոխվել է ․am դոմենային գոտի

Ստոկհոլմի շրջանային դատարանը բռնագրավել է աշխարհում ամենահայտնի տորենտ-կայքի piratebay.se և thepiratebay.se դոմենային անունները, ինչից հետո կայքը հասանելի է դարձել միանգամից վեց նոր հասցեներում՝ AM, GS, LA, VG, MN և GD։

Սա առաջին դեպքն է, երբ Շվեդիայում արգելվում է դոմենային անունների հավերժ օգտագործումը։ Դատարանը որոշել է, որ անօրինական բովանդակություն առաջարկող կայքն օժանդակում է հանցագործության կատարմանը։

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ thepiratebay.am-ը գրանցվել է դեռևս 2011 թվականից, սակայն ակտիվացել է ս․թ․ մայիսի 15-ին։ «Հայաստանում, բարեբախտաբար, դոմենային անունները հեշտ ու հանգիստ չեն արգելափակվում»,-ավելացրեց փորձագետը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանն ասաց, որ կայքը չգրանցելու հիմքեր չեն եղել։ Այն հարցին, թե հնարավոր է կայքի արգելափակման պահանջներ ներկայացվեն Հայաստանին, նա պատասխանեց, որ դա հնարավոր է կիբերհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի շրջանակներում, եթե piratebay-ի գործունեությունը որակավորվի որպես կիբերհանցագործություն: «Հեղինակային իրավունքի տեսանկյունից կայքը նույնպես խոցելի է, սակայն այստեղ մեխանիզմը ավելի տևական է, քանի որ կայքի արգելափակման համար անհրաժեշտ է տեղական դատարանի որոշում», -ասաց Գ․Սաղյանը։

Նշենք, որ The Pirate Bay-ը բազմիցս ենթարկվել է քննադատության, 2009-ի փետրվարին կայքի ստեղծողները ենթարկվեցին ազատազրկման ու տուգանքների, սակայն կայքը հիմնականում շարունակել է իր բնականոն աշխատանքը։<