Մայիսի 21-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի և Կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը:
Այս հարցով զբաղվող աշխատանքային թիմի ներկայացրած փաթեթը ներառել է հետևյալ բաղադրիչները՝ Հայաստանում «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հենքով, կրթական ոլորտի համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի և այլ նախաձեռնությունների իրականացում:
Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնը կհիմնվի ներկայիս «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիման վրա ու կհամալրվի տեխնիկայի վերջին նորույթներով։ Սակայն սա չի նշանակի, որ այս կենտրոնը կդառնա Microsoft-ի արտադրանքները մշակող մասնաճյուղ։ Ըստ տնօրենի՝ կենտրոնի գործունեությանն առնչվող այլ մանրամասներ հայտնի կդառնան մի քանի օրից, երբ «Մայքրոսոֆթ» ընկերության հետ կնքվի Համագործակցության հուշագիրն ու պայմանագրերը։