Հունիսի 23-ին Հայաստանի տարբեր ծայրերից 22 պատանիներ Թումո կենտրոնում կխոսեն իրենց անհավանական հաջողությունների և խնդիրների, ներկայիս հասարակության մեջ ցանկալի փոփոխությունների և իրենց երևակայական աշխարհի մասին՝ TEDxKids@Yerevan «Պատկերացրե՛ք» խորագրով միջոցառման ժամանակ:
Պատանիները ամիսներ շարունակ մշակել են իրենց խոսքերի թեմաները, բովանդակությունը և ներկայացումը Թումոյի TED-Ed Club-ի դասընթացի շրջանակներում, և այժմ պատրաստ են 300-ից ավելի հանդիսատեսի հետ կիսվելու’ արդեն չորրորդ TEDxKids@Yerevan-ին: Օրինակ, Թումոյի ուսանող Սմբատը կպատմի, թե որքան անիրական են ակնոց կրողների մասին նախապաշարմունքները, Կապանից Աշոտը կպատմի, թե ինչպես է կիթառ նվագել սովորելը օգնել իրեն հաստատվել հասակակիցների շրջանում, իսկ Երևանից Էլենը կկիսվի գաղտնիքներով, որոնք պատանիներին կօգնեն խնայողություններ անել:
Միջոցառմանը ընդառաջ խոսնակ և կազմակերպիչ պատանիները իրենց ուժերը կփորձեն նաև նոր ֆորմատում: Երգահան Գիսանե Պալյանի հետ միասին նրանք կստեղծեն Ջոն Լենոնի աշխարհահռչակ “Imagine” («Պատկերացրու») երգի հայերեն տարբերակը: Այն կներկայացվի հունիսի 23-ին՝ ավանդույթ դարձած ելույթների հետ մեկտեղ: