Տնտեսության այլ ճյուղեր ամբողջությամբ չեն օգտագործում ՏՏ-ի հնարավորությունները․ Արման Պողոսյան

Arman
Արման Պողոսյան

Հունիսի 19-20-ն անցկացվելիք ԴիջիԹեք բիզնես ֆորումին մասնակցություն է ունենալու «Ինստիգեյթ» ընկերությունը։ Տնօրեն Արման Պողոսյանը, խոսելով համաժողովին մասնակցության ձևաչափի մասին, նշեց, որ իրենք ներկայանալու են և՛ տաղավարային ցուցադրությամբ, և՛ մասնակցելու են պրոբլեմային քննարկումներին։

«Ինստիգեյթ» ընկերությունների խումբը գործարար համաժողովում ներկայացնելու է իր առաջարկները՝ հանրակրթությանը, առցանց առևտրային հարթակներին առնչվող և այլ լուծումներ, առաջարկներ, որոնք ուղղված են ապագային։ Արման Պողոսյանը նկատում է, որ բիզնես ֆորումը մի վայր է, որտեղ խոսվում է ոչ միայն առկա լուծումների առաջարկի և պահանջարկի մասին, այլև շեշտադրվում են ապագա միտումները։

Ըստ մեր զրուցակցի` գործարար համաժողովը Հայաստանում բիզնեսը՝ բիզնեսի համար ձևաչափով երևի թե միակ հարթակն է։ Տարբեր ոլորտներին հանդիպումների հնարավորություն տալուց բացի, այն նաև ճանաչողական բնույթ ունի, որտեղ կարողանում ես հասկանալ այլ ճյուղերի պատկերացումները, ապագա պլանները։ Միշտ չէ, որ ՏՏ մասնագետը գիտի, թե ինչ խնդիրներ ունի, ասենք, հանքարդյունաբերությունը, և նման հանդիպումներն ապահովում են շփումները, որոնք էլ բացահայտում են խնդիրներն ու հնարավոր լուծումները։

«Բիզնեսը՝ բիզնեսի համար հարթակը միայն տեխնոլոգիական ոլորտի համար չէ։ Այն բազմակողմանի է, և ցույց է տալիս, թե, օրինակ, ռոբոտաշինությունն ինչով կարող է օգնել գյուղատնտեսությանը, կամ խորհրդատվական ընկերություններն ինչ լուծումներ ունեն նորաստեղծ կազմակերպությունների համար։ Այսինքն՝ հնարավորին չափ պետք է ներկայացնել առկա ներուժը, համագործակցել, գտնել լսարան, խոսել պրոդուկտների մասին, արձագանք ստանալ և որոշել ուղեծիրը»,- ասում է Արման Պողոսյանը։

ՏՏ-ն զարգանում է առաջանցիկ տեմպերով, բայց տնտեսության այլ ճյուղեր ամբողջությամբ չեն օգտագործում այն հնարավորությունները, ինչ առաջարկում են տեխնոլոգիաները։ Արման Պողոսյանը կարծում է՝ պատճառն այն է, որ ոլորտները համախմբված չեն. «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), թերևս, միակ կայացած ոլորտային կառույցն է, որտեղ ստացվել է կոնսոլիդացիան, և ՏՏ-ից շուկայի այլ ճյուղերին առաջարկներն արվում են հենց ԻՏՁՄ-ի կողմից։ Նման միությունները, ցավոք, շատ չեն։ Մյուս միություններն ավելի պասիվ են։ Կարևոր է ուրվագծել ապագա սպասելիքները և անձնական շահերը մի կողմ դնել, համախմբվել՝ նպատակին հասնելու համար»։