Բիզնես ֆորումի շնորհիվ գործարարները սկսել են ավելի շատ կիրառել ՏՏ լուծումներ. Գևորգ Սաֆարյան

«Լայմ տեխ» ընկերությունն այս տարի արդեն 5-րդ անգամ է մասնակցելու ԴիջիԹեք բիզնես ֆորումին։ Ըստ ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանի՝ այս նախաձեռնությունը բնույթով եզակի է և շատ կարևոր միջոցառում է ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, այնպես էլ ՏՏ լուծումներով հետաքրքրված բիզնեսների համար։

«Լայմ տեխ» ընկերությունը բիզնես ֆորումում ներկայացնելու է սպասարկման որակը բարելավող լուծումներ՝ հերթերի կառավարման, հետադարձ կապի համարկարգեր, վճարային տերմինալներ։ Տնօրենի տեղեկացմամբ՝ բոլոր լուծումներն էլ լայն սպառում ունեն հայաստանյան շուկայում։ Սա նշանակում է, որ բիզնես ոլորտներում սկսել են ավելի ու ավելի շատ ներդնել ՏՏ լուծումներ՝ իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, հաճախորդների սպասարկումը բարելավելու նպատակով։

«Լայմ տեխը» մինչ այժմ գործունեություն էր ծավալում տեղական շուկայում, այս տարվանից սկսած՝ աշխատանքներ են տանում նաև այլ շուկաներում համակարգեր վաճառելու ուղղությամբ։

Գևորգ Սաֆարյանը նկատում է, որ տնտեսության տարբեր ճյուղեր առավելագույն չափով չեն կիրառում այն հնարավորությունները, որոնք կարող են տրամադրել տեխնոլոգիական ընկերությունները։ Եվ դեռ շատ անելիք կա ՏՏ ոլորտ-գործարար աշխարհ կապն ավելի ամրապնդելու, համագործակցությունն էլ ավելի խորացնելու առումով։ Այս համատեքստում շատ կարևոր է պարբերաբար կազմակերպվող բիզնես ֆորումների դերը։ Ընդ որում, որպես բիզնես ֆորումի հնաբնակ՝ Գևորգ Սաֆարյանը նկատում է, որ զարգացումն ակնառու է. տարեցտարի ավելանում է և՛ գործարար համաժողովի մասնակիցների, և՛ այցելուների թիվը, և՛ բարելավվում է միջոցառման բովանդակությունը։

Հիշեցնենք, որ ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 19-ին և 20-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Երկու օրերի ընթացում միմյանց կհանդիպեն ՏՏ ոլորտը, տնտեսութան այլ ճյուղեր ներկայացնող մասնագետներ, գործարարներ, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Այցելուներն ու մասնակիցները կկիսվեն իրենց փորձով, կանցկացվեն սեմիներներ, քննարկումներ, տեղի կունենա մրցանակաբաշխություն։