Ինչպե՞ս զերծ մնալ բջջային խարդախություններից. զգուշացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը տեղեկացնում է բջջային խարդախությունից պաշտպանելու միջոցների մասին: Ընկերությունը տարբեր միջոցներ է կիրառում՝ հայտնի և հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև համագործակցում է իրավապահ մարմինների, հեռահաղորդակցության այլ օպերատորների, իր գործընկերների ու մատակարարների հետ՝ բաժանորդների հանդեպ բջջային խարդախությամբ հարձակումները կանխելու և ապահով հաղորդակցության ծառայություններ մատուցելու ուղղությամբ:

Բջջային խարդախության տեսակները բազմազան են և նպատակ ունեն դրդելու բաժանորդին այնպիսի քայլերի, որոնց հետևանքով հնարավոր է դառնում գումար գանձել բաժանորդի հաշվեկշռից, ստանալ անձնական տվյալներ կամ անգամ մուտք գործել բանկային հաշիվ, եթե բաժանորդը հաճախ է օգտվում բանկային ծառայություններից՝ բջջային սարքի միջոցով:

Հայտնի են բջջային խարդախության բազմաթիվ տեսակներ՝

  • առաջարկվում են վիրուսային ծրագրեր, որոնք բաժանորդի բջջային սարքի միջոցով կամ ունեցած անձնական տվյալների օգտագործմամբ որոշակի գործողություններ են կատարում,
  • անհայտ ծագում ունեցող ինտերնետային կայքերից բաժանորդի սարքում տեղադրվում են տարատեսակ ծրագրեր, որոնց միջոցով առանց բաժանորդի համաձայնության զանգեր են կատարվում և կարճ հաղորդագրություններ են ուղարկվում,
  • բջջային սարքի միջոցով առանց բաժանորդի համաձայնության հավաքագրվում են նրա տեղորոշման և նախընտրությունների մասին տվյալներ (metadata),
  • բաժանորդի հեռախոսն օգտագործվում է որպես հեռակառավարվող սարք՝ տարատեսակ գործողություններ իրականացնելու համար (օրինակ՝ բաժանորդի բջջային համարից բաժանորդի կոնտակտային հասցեներով գովազդային SMS ուղարկելու համար):

Բջջային խարդախությունից կարելի է խուսափել՝ հետևելով մի քանի բավականին պարզ քայլերի:

Ինչպե՞ս վարվել բջջային խարդախության չենթարկվելու համար

  1.  Բջջային սարքերի համար սահմանեք գաղտնաբառ և կիրառեք այն՝ սարքը երկար ժամանակով տեսանելիության դաշտից թողնելու կամ երկար ժամանակ չօգտագործելու դեպքում:
  2. Զերծ մնացեք գաղտնաբառերը, PIN-կոդերը և այլ խիստ գաղտնի անձնական տեղեկությունները էլեկտրոնային նամակներում՝ բջջայինից կամ առցանց հասանելի որևէ այլ նամակագրությունում պահելուց:
  3. Սարքը կորցնելու կամ գողացվելու դեպքում, անմիջապես տեղեկացրեք այդ մասին հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությանը: Այնուհետև փոխեք բջջային սարքի միջոցով առցանց մուտքի բոլոր հնարավոր գաղտնաբառերը (օրինակ՝ առցանց բանկային հաշիվ մուտք գործելու գաղտնաբառը):
  4. Զերծ մնացեք անհայտ և/կամ անծանոթ աղբյուրներից հավելվածներ տեղադրելուց կամ ֆայլեր ներբեռնելուց, հատկապես՝ սմարթֆոններում կամ պլանշետային համակարգիչներում, նախքան տեղադրելը ծանոթացեք ծրագրի թույլտվությունների հետ:
  5. Զերծ մնացեք անհայտ կամ անծանոթ հեռախոսահամարներին զանգահարելուց:
  6. Նախքան բջջային սարքը վաճառելը կամ այլ անձանց օգտագործման փոխանցելը վերականգնեք գործարանային կարգավորումները և ջնջեք Ձեր կողմից տեղադրված ամբողջ բովանդակությունը:
  7. Ժամանակակից բջջային սարքերի զգալի մասն ունի հեռավորության վրա արգելափակվելու կամ, կորելու կամ այն գողացվելու դեպքում, դրանց հետևելու ներկառուցված հնարավորություններ: Օգտագործեքնաև այդ նպատակին ծառայող հավելվածներ: Սարքի համար նախատեսված նմանատիպ հնարավորությունների մասին հավելյալ տեղեկությունների համար պարբերաբար ծանոթացեք սարքը արտադրող ընկերության պաշտոնական կայքէջում հրապարակվող նորություններին և նորույթների մասին հայտարարություններին:
  8. Կիրառել կանխարգելիչ միջոցներ՝ արգելափակել անծանոթ, կասկածելի և անցանկալի համարները, ինչպես նաև տեղադրել հակավիրուսային ծրագրեր: