Վաղը կմեկնարկի տեխնոլոգիական ուիքենդը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակում կազմակերպում է իր տեսակի մեջ յուրահատուկ տեխնոլոգիական ուիքենդ հայկական ստարտափների և թիմերի, ինչպես նաև բոլոր ստեղծագործ և նորարար երիտասարդների համար:

Ուիքենդի ընթացքում կիրականացվեն մի շարք մրցույթներ և նորարարական լուծումների վերաբերյալ հետաքրքիր ներկայացումներ, այդ թվում՝ ԱՄՆ առաջադեմ մասնագետների կողմից կներկայացվեն WATSON և BlueMix պլատֆորմների վերաբերյալ վերջին զարգացումները: Կազմակերպվելու է 24-ժամյա Հեքեթոն (ծրագրավորման մրցույթ)՝ IBM-ի BlueMix cloud պլատֆորմի հիման վրա, որին կմասնակցեն 2-4 հոգանոց թիմեր: Նշված պլատֆորմը թիմերին հնարավորություն կընձեռի օգտագործել IBM-ի կողմից մշակված նորագույն լուծումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, սոցիալան ցանցերը, առողջապահությունը, մոբայլ տեխնոլոգիաներ և այլն: Լավագույն երկու թիմերը կստանան 500 հազարական դրամի մրցանակ, ևս մեկ թիմ կստանա երկու սմարթֆոն՝ որպես խրախուսական մրցանակ: Մասնակիցներին սպասվում են նաև այլ անակնկալներ:

Ուիяենդի ընթացքում առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի Slush 2015 Global Impact Accelerator-ի լոկալ մրցույթը հայկական ստարտափների համար: Slush-ը նորաստեղծ նորարար ընկերությունների (start-up) և տեխնո-տաղանդների համար նախատեսված ամենամյա միջազգային տեխնոլոգիական կոնֆերանս է, որի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ միջազգային առաջատար ներդրողների, ղեկավարների և մեդիայի հետ, ինչը հնարավորություն է ընձեռում ՏՏ ոլորտի ընկերություններին զարգացնել իրենց բիզնեսը: 2015 թվականին Slush միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 11-12-ը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, որին կմասնակցի նաև նշված լոկալ մրցույթի հաղթողը:

Միջոցառումը կկայանա ս.թ. հուլիսի 11-ից 12-ը Այբ ավագ դպրոցի տարածքում: Տեխնոլոգիական ուիքենդի հովանավորներն են «Նիկիտա Մոբայլ» և «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերություններն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը: