Քիչ առաջ հայտարարվեցին ԴիջիՔեմփ ամառային նորարարական ճամբարի հաղթողների անունները։ Չորս թիմեր կիսեցին երկրորդ տեղը․ դրանք էին՝ Արտա, Դիմորդ, Tech Bag և G-Pulse: Իսկ հաղթող ճանաչվեց LinguaCode թիմը, որը ներկայացնում էր LinguaCode-ը սոցիալ ծրագրավորման հարթակը։ Գաղափարի հեղինակ Արման Եղիազարյանի խոսքով՝ հարթակը հնարավորություն է տալիս 7-15 տարեկան երեխաներին հեշտությամբ սովորել ծրագրավորման հիմունքները։ Հարթակի միջոցով երեխաներն առանց անգլերենի իմացության կկարողանան գրել ծրագրային կոդն իր մայրենի լեզվով։ Ինչպես նաև կարդալ և օգտագործել օտարազգի երեխաների կոդերը։ Ծրագիրը օգտակար կլինի այն երկրների կրթական հաստատությունների համար, որտեղ լեզվի պահպանման խնդիրը մեծ դեր է ներկայացնում։
Գաղափարի մշակմանը մասնակցել էին նաև թիմի անդամներ Գոհար Զարգարյանը, Թամարա Սարդարյանը, Նարինե Մանուկյանն ու Սոնա Յավրումյանը։
Այս տարի ճամբարին մասնակցում են 14-22 տարեկան շուրջ 50 պատանի ՀՀ մարզերից և Երևանից: Միջոցառման նպատակն է աջակցել ինովացիոն գաղափարներ ունեցող 14-22 տարեկան երիտասարդներին իրենց առաջին քայլերն անելու ձեռներեցության ոլորտում՝ ճամբարի 10 օրերի ընթացքում նրանց մատուցելով համապատասխան գիտելիքներ, հետագայում աջակցելով նրանց սեփական բիզնեսի գրանցման գործում, ինչպես նաև հնարավորություն տալով մասնակցություն ունենալ և ներկայանալ տարբեր խոշոր միջոցառումներին (օր.՝ ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդես, ԴիջիԹեք Բիզնես ֆորում և այլն) օգնել նրանց գտնել գործընկերներ: Ոլորտի բարձրակարգ մասնագետների մատուցած դասընթացները, ինչպես նաև նրանց հաջողության պատմությունները կլրացնեն ճամբարի գործնական և արդյունավետ բովանդակությունը: