Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը 10 տարեկան է

Օրերս լրացավ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման 10-ամյակը: Այն ստեղծվել է 2005թ. Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայ Օգնության Ֆոնդի և Շիրակ Տեխնոլոգիաներ ՍՊԸ-ի համատեղ ջանքերով: 10 տարիների ընթացքում կենտրոնն արդեն պատրաստել է 300 մրցունակ կադրեր տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում, որոնց 95% ապահովված է աշխատանքով: Կենտրոնն իր հիմնադրման օրվանից աշխատում է ապակենտրոնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան Երևանից Գյումրի՝ նպաստելով երկրի տնտեսության հզորացմանը և երկրում ՏՏ բնագավառի առաջխաղացմանը:

10-ամյակին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ), որի շրջանակում բարձրաստիճան հյուրերի, կենտրոնի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի առաջատար մասնագետների ներկայությամբ ավարտական վկայականներ հանձնվեցին ԳՏՏԿ-ի երկամյա կրթական ծրագրի, երեկոյան և ավագ դպրոցականների համար կազմակերպվող նեղ մասնագիտական դասընթացների շրջանավարտներին: Կենտրոնի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին ՀՕՖ-ին, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին և այլ գործընկեր կազմակերպություններին՝ արդյունավետ համագործակցության և ոլորտի զարգացմանը նպաստելու համար:

Միջոցառումը ընթացքում հավաստագրեր ստացան նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Դ-Լինկ» ընկերության և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ կազմակերված Linux օպերացիոն համակարգի և C ծրագրավորման լեզվի մասնագիտացված դասընթացի մասնակիցները: Այս դասընթացին բարձր առաջադիմություն ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան պրակտիկայի և աշխատանքի անցնելու «Դ-Լինկ» ընկերությունում:

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հաջողությունը նախապայմաններից մեկն էր Գյումրիում տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման համար: Արդեն 2014 թվականին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը սկսեց գործել ժամանակակից և նորակառույց շենքում, որտեղ էլ այսօր տեղակայված են և ակտիվ գործունեություն են ծավալում շուրջ 20 կազմակերպություններ, որոնց թվում նաև Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը: