Հայաստանի ինտերնետը կարող է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո

«Ազերօնլայնը», որը հանդիսանում է Ադրբեջանի առաջատար ինտերնետ պրովայդերը, ցանկանում է գնել Վրաստանի խոշորագույն Caucasus Online ինտերնետ պրովայդերի 1200 կմ օպտիկամանրաթելային մալուխը։ Այս մասին տեղեկանում ենք վրացական «Կվիրիս պալիտրա» թերթից, որը հղվում է սեփական աղբյուրներին։

Caucasus Online-ն իր մալուխն անցկացրել է 2008թ., ընդ որում՝ այն անցնում է Սև ծովի հատակով: Սա ինտերնետը Եվրոպայից Անդրկովկաս հասցնող ամենակարճ ճանապարհն է։ Վերոնշյալ մալուխն ապահովում է Հայաստանի ինտերնետի 85%-ը, Ադրբեջանի 50%-ը և Վրաստանի 55%-ը: Նշենք, որ 2013-ի ապրիլին հայկական Ucom ընկերությունն ու վրացական Caucasus Online-ը պայմանագիր կնքեցին, որի համաձայն՝ վրացական ընկերությունը պարտավորվեց մինչև 40 գիգաբիթ թողունակությամբ ինտերնետ մատակարարել հարևան երկրներին Ucom-ի օպտիկամալուխային ցանցով:

«Հասկանալի է՝ ինչու է Ադրբեջանը շահագրգռված ձեռք բերել մալուխը, որի ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում մեծ եկամուտն ապահովված կլինի։ Բացի այդ՝ Հայաստանի ինտերնետի 85%-ը կախված կլինի Ադրբեջանից, որը կկարողանա վերահսկել տեղեկատվության ծավալը»,-հավելում է Dalma news գործակալությունը:

Ըստ bizzone.info-ի՝ «Ազերօնլայն»-ի սեփականատերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն է, հետևաբար մալուխը գնելն ունի հստակ քաղաքական դրդապատճառներ։