ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է ԱՄՆ-ի «Մայքրոսոֆթ»-ի գրասենյակ

ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունն այց է կատարել ԱՄՆ-ում տեղակայված «Մայքրոսոֆթ» ընկերության գրասենյակ։ Այս մասին հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Պատվիրակությունն այցելել է ընկերության Կիբեր հանցագործությունների պայքարի գրասենյակ և Տվյալների պահպանման կենտրոն, ինչպես նաև հանդիպել ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանի հետ:

Քննարկվել են ՀՀ կիբեր անվտանգության ծրագրի մշակման և ՀՀ ՊՆ ու այլ շահագրգիռ գերատեսչությունների կիբերանվտանգության ոլորտում համապատասխան անձնակազմի պատրաստության գործում «Մայքրոսոֆթ» կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:

Պատվիրակության կազմում ընդգրկված «ԵրՄՄԳՀԻ» տնօրեն Արսեն Թառոյանը «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին է ներկայացրել կիբերանվտանգության բնագավառում առկա մարտահրավերներին դիմագրավման նպատակով ՀՀ-ում «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի ստեղծման նախաձեռնության մանրամասները և ընկերության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ սեպտեմբերի 28-30-ը «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոնում վերապատրաստում է անցնում ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչություններից կազմված տեխնիկական անձնակազմը: