Հոկտեմբերի 2-ին մեկնարկում է 11-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը: ԴիջիԹեքն այս տարի բացառիկ է և՛ մասնակից ընկերությունների լայն աշխարհագրությամբ, և՛ քանակով:
Եռօրյա միջազգային ցուցահանդեսը, որը կրում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը, մեկ հարկի տակ կմիավորի շուրջ 170 ընկերություն և 40 հազար այցելու: Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին տեղական և միջազգային շուկայում հաջողություններ գրանցած հայկական ընկերություններից բացի (PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո» և այլն), մասնակցում են մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից (Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն):
ԴիջիԹեք 2015-ի մասնակից՝ Հյուսիսային Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Ericsson ընկերության Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կիրիլ Մոռոզովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որԴիջիԹեք ցուցահանդեսը յուրահատուկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս քննարկելու թվային ենթակառուցվածքների ապագա զարգացումները և ժամանակակից բոլոր տեխնոլոգիաների ռեալիզացման անհրաժեշտ ճանապարհները:
«Հպարտությամբ արդեն կարող եմ արձանագրել, որ ԴիջիԹեքի հանդեպ հետաքրքրությունը նախորդ տարվա համեմատ շեշտակի աճել է: Ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թիվն աճել է շուրջ 70 տոկոսով, այսինքն առաջիկա 3 օրերի ընթացքում տեխնոլոգիական հայությունը բացառիկ հնարավորություն ունի ծանոթանալու շուրջ 170 առաջատար ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին և առաջարկներին: Առանձանկի գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը կոնսոլիդացրել է համայն հայությանն ու տեխնոլոգիական առաջատարներին: Տեխնոլոգիական հայության մի մասը կհանդիսանա նաև ԱՄՆ-ից ժամանած սփյուռքահայերի պատվիրակությունը», — ընդգծել է ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ի դեպ, ցուցահանդեսի շրջանակներում հայ անվանի գրոսմայստերները կմրցեն համակարգչային շախմատային ծրագրի հետ: Վերջինս ստեղծվել է մեր հայրենակցի կողմից և չի զիջում աշխարհի շախմատային ռոբոտ ծրագրի առաջատար եռյակին: Տեղի կունենան նաև RoboFest փառատոն, խաղային հեքեթոն, ԴիջիԼայֆ սեմինարներ, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ:
Հավելենք, որ ԴիջիԹեք 2015-ը կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Ամենամյա ցուցահանդեսն իրականացնում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։